211652_close_icon
views-count1857 դիտում article-date 23:07 30-07-2022

Հրազդանը 2022 թ. Հայաստանի Երիտասարդական մայրաքաղաքն է

Այսօր Հրազդանում օրը տոնական է. տեղի է ունեցել «Հրազդանը՝ ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը, որին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հրազդանի համայնքապետ Սևակ Միքայելյանը։

Հանդիսավոր պայմաններում Հրազդանին են հանձնվել խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը, որով շնորհվել է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը Հրազդան քաղաքին։

Միջոցառումների մեկնարկը տրվել է քայլերթով՝ դեպի Մաքրավան թաղամասում գտնվող անմահ հերոսների հիշատակը հավերժացնող համաքաղաքային հուշահամալիր։

Մասնակիցները ներկա են գտնվել երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների ցուցադրությանը (նկարչություն, քանդակագործություն, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն) Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում։

«Տարածքային համաչափ զարգացումը ենթադրում է սոցիալական, կրթական, մշակութային ծառայությունների մատչելիություն և հասանելիություն՝ անկախ բնակության վայրից։ Եվ հրազդանցի երիտասարդները ևս պետք է հնարավորություն ունենան ապրելու երիտասարդական բուռն կյանքով։ Ցանկանում եմ՝ այդ առումով Հրազդանը՝ որպես երիտասարդական մայրաքաղաք, շարունակի իր գործառույթները ոչ միայն այս, այլև հետագա տարիներին ևս»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհավորելով հրազդանցիներին տոնի առթիվ։

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանն էլ իր ելույթում նշել է, որ երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը պարտավորեցնող է, և իրենք պատրաստակամ են աջակցելու երիտասարդներին կառուցողական բոլոր ծրագրերում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր