211652_close_icon
views-count46675 դիտում article-date 18:24 29-07-2022

Քեզ բացակա չենք դնի. Երևանում՝  Եղիշե Թադևոսյան 3-րդ շենքի բակում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Ներսիսյանի հիշատակը հավերժացնող խաչքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 29-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան 3-րդ շենքի բակում բացվեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված. լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Ներսիսյանի անունով խաչքար-ցայտաղբյուր։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արարողությանը ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հարևանները։

Մինչ խաչքարի օծումը, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նվագախմբի կողմից հնչեց Հայաստանի հիմնը, ապա խաչքարի վրայից սպիտակ սավանը իջեցրեցին Ռոլանդի մայրը, կինը, որդին ու դուստրը, որից հետո հոգևոր հովվի կողմից օծվեց այն, ապա հնչեց Տերունական աղոթքը, ու ներկաները ծաղիկներ խոնարհեցին։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ներկաներն ասում էին. «44-օրյա պատերազմը ապացուցեց, որ միշտ էլ հայ ազգը ունեցել է իր հերոսները։ Արցախյան առաջին, ապրիլյան քառօրյա և արցախյան 44-օրյա պատերազմներում գրեթե ամեն քաղաք, ամեն թաղամաս տվել է իր հերոսներին։ Այդպիսի հերոսներից է նաև մեր թաղի պարծանք, դեռ կենդանության օրոք հանրության կողմից գնահատված հերոս Ռոլանդը։ Իզուր չէ, որ թաղամասում նրան համարում էին «մեր վահան»։ Ամեն հարցով դիմում էինք նրան՝ վստահ, որ անշահախնդրորեն օգնության ձեռք կմեկնի։ Հիմա իր անունով բացված խաչքարի մոտով անցնելիս միշտ հիշելու ենք նրան ու նրա նման հզոր ու լեգենդ դարձած հերոսներին։ Ամեն անգամ՝ ի լուր աշխարհի, ասելու ենք՝ քեզ բացակա չենք դնի»։ 

***
Ներսիսյան Ռոլանդ Վրեժի

Ծնվել է 1983թ. սեպտեմբերի 25-ին։ Սովորել և ավարտել է Անդրեյ Սախարովի անվան միջնակարգ դպրոցը, ապա ընդունվել է Ռուսաստանի Դաշնության Կաստրամայի ռազմական համալսարանը։ Ավարտելուց հետո վերադարձել է Հայաստան։ Ծառայության անցել Արցախի Հանրապետության Ստեփանակերտում։ 

4 տարի ծառայելուց հետո տեղափոխվել է Հայաստան և ծառայությունը շարունակել տարբեր զորամսերում։ 

Դեռ մանկուց նկատելի էր նրա հայրենասիրությունը հայրենիքի նկատմամբ։ Բազմաթիվ անգամ բարեխիղճ ծառայության համար պարգևատրվել է պատվոգրերով ու մեդալներով։ 

Որոշ ժամանակ անց դարձյալ տեղափոխվում է Արցախի Հանրապետություն՝ ծառայության անցնելով Արցախի պաշտպանության բանակում։ 1 տարի անց տեղափոխվում է Մարտակերտ՝ ստանձնելով N դիվիզիայի հրամանատարի պաշտոնը։ Կոչումով փոխգնդապետ Ռ. Ներսիսյանը կարճ ժամանակում գնահատվում է ոչ միայն պաշտպանության բանակի սպայական կազմի, այլ շարքային զինվորի կողմից։ Իզուր չէր, որ նրան ճանաչողներն ասում էին. «Եթե ուզում ես առաջընթաց ու հաղթանակներ ունենալ, առաջին հերթին, պետք է գնահատես զինվորին, ու նա, լինելով փոխգնդապետ, հայրենիքի համար մնաց զինվոր։ Նա բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ իզուր չէ ասվում «շունչդ տուր, հոգիդ, բայց հայրենիքդ մի տուր թշնամյաց»։ Ու այդ բառերով նա առաջնորդվեց մինչև կյանքի վերջ։ Իր բաժին կռիվը տալով՝ առանց վարանելու նա կռվի դաշտում ապացուցեց, որ ինքը Մոնթեի, սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի, Չաուշի, Կոմանդոսի և այլ լեգենդար զորավարների հետնորդներից է, ու ընկավ հերոսի մահով՝ միանալով նահատակված ու լեգենդ դարձած հերոսներին։ Երևի, նախազգում էր, որ վերջին հեռախոսազրույցի ժամանակ կանչել էր տան անդամներին՝ ասելով. «Ուզում եմ՝ բոլորիդ միասին տեսնեմ, ուզում եմ՝ իրարից անպակաս լինեք, ճտերիս էլ լավ կնայեք»։ 


44-օրյա պատերազմի ժամանակ իր զինակից ընկերների հետ բազմաթիվ փայլուն առաջադրանքներ է կատարել լեգենդար «Եղնիկներ»-ում, Մատաղիսում, Մարտակերտում և հերթական առաջադրանքը կատարելիս հոկտեմբերի 30-ին զոհվում է Մարտակերտում։  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 430+
430+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր