Ոչինչ չէր կարող կոտրել այս թիմի ոգին. «Փյունիկի» նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Դյուդելանժի» դեմ պատասխան խաղից հետո գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում, հայտնում է Armsport.am-ը:
Հայաստանի գործող չեմպիոնը ընդհանուր 4։2 հաշվով առավելության հասավ Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժի» նկատմամբ և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ։ «Փյունիկը» դարձավ հայկական առաջին ակումբը, որը նման ցուցանիշ է գրանցում։
««Փյունիկը» շարունակում է նվաճել եվրոպական ֆուտբոլի նոր բարձունքները։
Պատասխան խաղում պարտության մատնեցինք Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»։
Խոնարհվում եմ խաղացողների և մարզչական շտաբի առաջ, որոնք ևս մեկ անգամ ցուցադրեցին իրենց անհավանական բնավորությունը, հաղթելու աննկուն կամքը և բարձր պրոֆեսիոնալիզմը։
Չնայած լուսատախտակի խոշոր հաշվին, տղաները շարունակեցին պայքարել մինչև վերջին վայրկյանը:
Ոչինչ չէր կարող կոտրել այս թիմի ոգին. ո՛չ տնային ցավալի պարտությունն առաջին խաղում, ո՛չ բաց թողած գնդակ պատասխան խաղի սկզբում, ո՛չ էլ մրցավարական սխալները։
Ֆուտբոլիստները նվիրվել էին 120%-ով։ Խաղից հետո ֆուտբոլիստների ոտքերին նայելը ցավալի էր, բայց նրանց դեմքերը փայլում էին երջանկությունից և հպարտությունից։
Ակումբի համար, ամբողջ Հայաստանի համար․․․
Հայաստանի չեմպիոնն առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում։
Առջևում հաջորդ ուժեղ մրցակիցն է՝ «Ցրվենա Զվեզդան»։
Վստահ եմ, որ մեր թիմը կանգ չի առնի և ամեն ինչ կանի իր երկրպագուներին գոհացնելու և հայկական ֆուտբոլը նոր բարձունքների բարձրացնելու համար»,- գրել է Արթուր Սողոմոնյանը։