211652_close_icon
views-count1922 դիտում article-date 20:41 25-07-2022

Երևանում ընդհանուր առմամբ կկառուցվի շուրջ 100 նոր հիդրանտ, ևս 150-ը կնորոգվի. քաղաքապետարան

Երևանի բնակչության պաշտպանության համակարգի բարելավման ու մայրաքաղաքում անվտանգությունը բարձրացնելու նպատակով համայնքը նախաձեռնել է կարևոր մի շարք ծրագրեր: 2021թ. հետևողական քայլեր սկսեցին ձեռնարկվել նաև հակահրդեհային նոր հիդրանտներ կառուցելու ու հները նորոգելու նպատակով:

Քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանում տեղադրված շուրջ 600 հիդրանտի գրեթե կեսից ավելին տարիներ շարունակ չէր գործում, ինչը խնդիրներ էր առաջացնում հրդեհաշիջման ընթացքում:

«Պատկերացրեք՝ որևէ մի հատվածում հրդեհ է բռնկվել, ժամանել են հրշեջները և չկա հիդրանտ: Լավագույն դեպքում նրանք պետք է մեկնեն մոտակա ջրաղբյուրից ջուր վերցնելու կամ ներգրավեն լրացուցիչ ուժեր, որը ժամանակի կորուստ է և լրացուցիչ միջոցների օգտագործում»,- նշում է Երևանի քաղաքապետարանի զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ Հարություն Հարությունյանը:

«Հրշեջ հիդրանտները խիստ անհրաժեշտ են հրշեջ ծառայությանը: Ելնելով գործի առանձնահատկությունից՝ մոտենում են, ջրառք կատարում, խցանումների մեջ չեն ընկնում և ավելի լավ ու նպատակային ջրօգտագործում է ապահովվում՝ քաղաքացիներին ճիշտ օգնություն ցուցաբերելով»,- նկատում է ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Գարեգին Հակոբյանը:

Մի քանի փուլով իրականցվող ծրագրով Երևանում ընդհանուր առմամբ կկառուցվի շուրջ 100 նոր հիդրանտ, ևս 150-ն էլ կնորոգվի: 90 հասցեում աշխատանքներն արդեն ավարտվել են:

«Այս ծրագիրն իրականացվում է չորս փուլով: Երկու փուլն արդեն ամբողջությամբ ավարտել ենք. առաջին ծրագրով 2021թ.վերակառուցել ենք 39 հիդրանտ, օրերս ավարտեցինք երկրորդ ծրագիրը՝ 52 հիդրանտ վերանորոգվեց, երրորդ փուլով նախատեսել ենք 51 հիդրանտի վերանորոգում և չորրորդ ծրագրով կկառուցվեն բոլորովին նոր հիդրանտներ»,- նշում է Հարություն Հարությունյանը:

Հակահրդեհային նոր հիդրանտների տեղադրման բոլոր վայրերն ընտրվել են ԱԻՆ մասնագետների հետ: GPS համակարգով հասցեները հասանելի են հրդեհաշիջման շտապող բոլոր խմբերին:

«Ընտրում ենք այն տարածքները, որոնք նպատակահարմար են առաջնահերթության կարգով, ցուցակները տալիս ենք քաղաքապետարանին: Ցանկալի է, որ բոլոր քաղաքացիները հասկանան դրա կարևորությունը, բանն այն է, որ հաճախ մեքենաները կայանում են դիտահորերի վրա և խոչընդոտում աշխատանքների կազմակերպմանը»,- ընդգծում է Գարեգին Հակոբյանը:

Տեղադրված հիդրանտներն ապահովում են վայրկյանում նվազագույնը 10 լիտր ջուր՝ սնուցվող մեծ խողովակներից:

Քաղաքում բռնկված հրդեհներն արագ մարելու և հետևանքները նվազեցնելու նպատակին ուղղված նախաձեռնություններին զուգահեռ՝ շատ կարևոր է, որ քաղաքացիները պահպանեն հրդեհային անվտանգության կանոնները, նկատում են պատկան մարմիններն ու ընդգծում՝ հրդեհների դեմ պայքարը սոսկ հրշեջների գործը չէ:

«Կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին՝ բնակլիմայական այս պայմաններում լինեն ավելի զգույշ, պահպանեն հրդեհային անվտանգության կանոնները, հարգեն փրկարարների աշխատանքը, հանգստի գոտիներում չթողնեն խարույկի մնացորդներ, որոնք կարող են նպաստել հրդեհի առաջացմանը»,-ասում է ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետը:

Նմանատիպ նյութեր