211652_close_icon
views-count1215 դիտում article-date 09:01 20-07-2022

Վահագն Հովակիմյանը` ԿԸՀ նախագահի թեկնածու․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը նույնպես իրենով կանի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում 11 տարի պաշտոնավարող Տիգրան Մուկուչյանին փոխարինելու կգա նախկին լրագրող, այժմ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վահագն Հովակիմյանը: Տեղեկությունը փորձեցինք նաեւ Հովակիմյանից ճշտել, նա, սակայն, անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները:

«ժողովուրդ» օրաթերթի աղբյուրը վստահեցրեց, որ թեեւ սեփական թիմում Հովակիմյանի թեկնածությանը ոչ միանշանակ են վերաբերվում, այնուամենայիվ, քաղաքական որոշում կա, որ հենց նա է լինելու ԿԸՀ հաջորդ նախագահը:

Ըստ Ընտրական օրենսգրքի՝ ԿԸՀ-ն նոր նախագահ պետք է ունենա մինչեւ հոկտեմբերի 12-ը. այդ ժամանակ է լրանում գործող նախագահ Մուկուչյանի պաշտոնավարման ժամկետը: Մինչեւ այդ, սակայն, Ազգային ժողովի խմբակցությունները կարող են թեկնածուներ առաջադրել, ներկայացնել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով, որտեղ հաստատում անցնելուց հետո նախագահի թեկնածուի հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստերի ժամանակ:

Եվ քանի որ առաջադրումների վերջնաժամկետը մոտ օրերս ավարտվում է, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, ԱԺ «ՔՊ» խմբակցությունը շուտով կհայտարարի Հովակիմյանի թեկնածությունն առաջադրելու մասին:

Նշենք, որ նախկին իշխանություններին Հայաստանը կուսակցականապետության վերածելու համար մեղադրող Փաշինյանի իշխանությունը, փաստորեն, հակված է պետության բոլոր ոլորտները կուսակցականացնել, պաշտոններն էլ՝ սեփական կուսակիցների միջեւ բաժանել: ԿԸՀ-ն, որ շուրջ 30 տարի կուսակցական նախագահ չի ունեցել, այժմ փաստացի ՔՊ-ական ղեկավար է ունենալու:

Ու առաջին անգամն է նաեւ, որ գործող պատգամավորն ու քաղաքական թիմի անդամը գործուղվելու են ընտրական հանձնաժողով: Սա ոչ այլ ինչ է, քան ժողովրդավարական նորմերի ու կարգերի ուղիղ ոտնահարում, երբ ընտրական քաղաքականություն մշակողն ու իրականացնողը ոչ թե անկախ մասնագետներն են լինելու, այլ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները:

Ի դեպ, հաշվի առնելով հանգամանքը, որ ԿԸՀ-ում կան իրապես իրենց գործի գիտակ, խիստ փորձառու ու արհեստավարժ մասնագետներ, չի բացառվում, որ Մուկուչյանի հետ նրանք էլ կհավաքեն իրենց ճամպրուկն ու կլքեն ԿԸՀ-ն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր