211652_close_icon
views-count848 դիտում article-date 20:25 19-07-2022

Արդարադատության նախարարությունը մեկնարկել է հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրագործումը

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը և Հանրային կառավարման բարեփոխումների խմբի ղեկավար Աստղիկ Մովսիսյանը մասնակցել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպված հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության քննարկմանը:

Երանուհի Թումանյանցը բացման խոսքում ընդգծել է Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակում հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների կարևորությունը։ Մասնավորապես նշել է, որ Արդարադատության նախարարությունն իր ոլորտային գործառույթներից զատ՝ ստանձնել է հերթական համապետական նշանակության նախագծի իրագործումը:

Բարեհաջող ավարտին հասցնելով ոստիկանական ոլորտի բարեփոխումները, մասնավորապես՝ Պարեկային ծառայության ստեղծումը, հակակոռուպցիոն ինստիտուտների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հակակոռուպցիոն կոմիտեի, Հակակոռուպցիոն դատարանների, Գլխավոր դատախազության կազմում՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության և Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունների ձևավորումը, այժմ լծվել է նոր Ներքին գործերի նախարարության ստեղծման և հանրային կառավարման բարեփոխումների մեծածավալ գործին:

Յուրաքանչյուր պարագայում փոխնախարարը կարևորել է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը բարեփոխումների իրականացման բոլոր փուլերում:

Միջոցառմանը բացման խոսքով է հանդես եկել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական, հանրային կառավարման բարեփոխումների համակարգող Անետա Բաբայանը:

Միջոցառման ընթացքում Աստղիկ Մովսիսյանը ներկայացրել է հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, որի խնդիրն է՝ հիմնովին վերանայել և արդիականացնել հանրային կառավարման համակարգի արժեքային, մեթոդաբանական ու վարքաբանական հիմքերը:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել պետական կառավարման համակարգի մարտահրավերներին ու առկա խնդիրներին։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան կարևորել է Հայաստանի ցուցաբերած պատրաստակամությունը հանրային հատվածի բարեփոխումների իրագործման հարցում։ Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ը մշտապես պատրաստ է աջակցել այս կարևոր գործընթացին:

Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը ևս ողջունել է նախաձեռնությունը և պատարաստակամություն հայտնել աջակցել հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության գործողությունների ծրագրից բխող միջոցառումների իրագործմանը: Հանդիպման նպատակն է եղել պլանավորել Հանրային կառավարման բարեփոխումների փուլային իրականացումը չորս հիմնական ոլորտներում՝ ռազմավարական պլանավորում, քաղաքականության մշակում, հանրային ծառայություններ, մարդկային ռեսուրսներ և ինստիտուցիոնալ զարգացում:

Միջոցառմանը մասնակցել են դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան հյուրեր, այդ թվում՝ EU-ի, USAID-ի, ADB-ի, GIZ-ի, EBRD-ի, ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ

Նմանատիպ նյութեր