70 տարի առաջ այս օրը Հելսինկիում մեկնարկեցին ամառային15-րդ օլիմպիական խաղերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
952թ. հուլիսի 19-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մեկնարկել են ամառային 15 –րդ օլիմպիական խաղերը:
Համաշխարհային այդ մարզահանդեսին մասնակցել են 69 երկրների 4925 մարզիկներ, որոնցից 518-ը՝ կանայք։
Առաջին անգամ խաղերում հանդես եկած Խորհրդային Միության հավաքականի ներկայացուցիչները, բացառությամբ խոտի հոկեյի, մասնակցել են բոլոր մրցաձևերում:
ԽՍՀՄ թիմում ընդգրկված էր 295 մարզիկ - մարզուհի (255 տղամարդ, 40 կին): Նրանք ինը մարզաձևերում նվաճել են 22 ոսկե, 30 արծաթե և 19 բրոնզե մեդալ ու ոչ պաշտոնական հաշվարկում զբաղեցրել են երկրորդ պատվավոր տեղը:
Ամենաշատ մեդալների արժանացել են ԱՄՆ-ի մարզիկները (40 ոսկե, 19 արծաթե, 17 բրոնզե):
ԽՍՀՄ մարմնամարզության թիմը նվաճել է ինը ոսկե մեդալ, որից երկուսը պատկանում է հայկական սպորտի նահապետ, ժամանակակից օլիմպիական խաղերի մեր առաջին ոսկե դափնեկիր Հրանտ Շահինյանին: Նա, ի դեպ, պատվիրակության հաշվեկշռին գումարել է նաև երկու արծաթե պարգև:
Նախկինում Ֆինլանդիան, Գերմանիան և Շվեյցարիան էին գերիշխում մարզաձևում, սակայն այս անգամ նրանք ստիպված էին բավարարվել համեստ հաջողություններով։
Հելսինկյան ստուգատեսը պատմության մեջ մնացել է որպես . . . չավարտված մարզական իրադարձություն, քանզի պաշտոնապես այն չի փակվել։
Օգոստոսի երեքին, փակման հանդիսավոր արարողության ժամանակ, ՄՕԿ-ի նախագահ Զիգֆրիդ Էդստրոմը երկար ելույթ է ունեցել, բայց մոռացել է այն ավարտել օլիմպիական խարտիայով նախատեսված խոսքերով. « 15 –րդ ամառային օլիմպիական խաղերը հայտարարում եմ փակված »։
Օլիմպիական խաղերը օգնել են ֆիններին բարելավել իրենց հեղինակությունը օտարերկրացիների աչքում: