211652_close_icon
views-count2114 դիտում article-date 23:40 26-08-2022

40 տարի առաջ Գերմանիայի Մյունխենում մեկնարկեցին ամառային 20-րդ  օլիմպիական խաղերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 26 –ին Գերմանիայի Մյունխենում մեկնարկել է ամառային 20-րդ  օլիմպիական խաղերը: Մարզահանդեսին մասնակցել են 121 երկրի 7170 / 6075 տղամարդ, 1095 կին / մարզիկ – մարզուհիներ: 23 մարզաձևերում խաղարկվել է մեդալների 195 հավաքածու: Գրանցվել է 100 օլիմպիական և 46 համաշխարհային ռեկորդ:  

Սովետական մարզիկներին տրվել էր բարդ խնդիր.  մինչև ԽՍՀՄ 50-ամյակը նվաճել 50 ոսկե մեդալ և մրցանակների քանակով  գերազանցել ԱՄՆ-ին:

Առաջադրանքը կատարվել է, քանզի ոչ պաշտոնական հաշվարկով առաջին տեղը գրավել է ԽՍՀՄ հավաքականը՝ 99 մեդալ / 50 ոսկե, 27 արծաթե և 22 բրոնզե /:  Հաջորդ երկու տեղերը զբաղեցրել են ԱՄՆ –ի ՝ 94 / 33 , 31 , 30 / և ԳԴՀ –ի ՝ 66 / 20, 23, 23 / պատվիրակները:

Խաղերի մեկնարկից առաջ զգալի միջոցներ են ներդրվել Մյունխենի բարեկարգման համար։ Կառուցվել է մետրո, ամբողջությամբ  վերակառուցվել է քաղաքի կենտրոնը, ճանապարհային ցանցը: Օլիմպիական գյուղը ստեղծվել է  10-15 հազար բնակչի համար, օլիմպիական մարզադաշտը ՝ 80 հազար լողավազանը՝ 10 հազար,  հեծանվահրապարակը՝ 13 հազար նստելատեղերով և այլն:

Մյունխենի բոլոր օլիմպիական մրցավայրերը հագեցած են եղել այն ժամանակի  տեղեկատվական միջոցներով ( ցուցատախտակներ, էլեկտրոնային համակարգիչներ, լազերային ճառագայթով չափիչ սարքեր, տեղեկագրերի պատճենահանման սարքավորումներ և այլն): Դրանք  տեղադրված են եղել բառացիորեն բոլոր մարզական հարթակներում:

Մրցումների ընթացքին ամբողջ աշխարհում հետևել է  ավելի քան  մեկ միլիարդ մարզասեր հեռուստադիտող:

Մարզասերների հիշողությունում դեռ թարմ է բասկետբոլի մրցաշարի եզրափակիչը: Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ի հավաքականը չկարողացավ նվաճել ոսկե մեդալներ:

Դրամատիկ խաղում ամերիկացիները պարտվեցին ԽՍՀՄ թիմին (50 : 51): Հանդիպման ավարտից երեք վայրկյան առաջ ամերիկացիները առաջ էին 50:49 հաշվով։ Մոդեստաս Պաուլաուսկասը գնդակը խաղի մեջ մտցրեց վերջնագծի հետևից և անմիջապես հնչեց եզրափակիչ սուլոցը:  

Ամերիկացիները սկսեցին տոնել հաղթանակը, սակայն խորհրդային ներկայացուցիչները մատնանշեցին կանոնների խախտում. ժամանակի հաշվիչը պետք է միանա ոչ թե փոխանցման, այլ ընդունման պահին։ 

Մրցավարներն ընդունեցին սխալը և ԽՍՀՄ թիմին թույլ տվեցին կրկնել գնդակի նետումը։ Իվան Եդեշկոն  դաշտի ամբողջ  երկայնքով գնդակը հասցեագրեց  Ալեքսանդր Բելովին:  Սովետական թիմի կենտրոնականը չվրիպեց և ԽՍՀՄ թիմը հաղթեց  51։50 հաշվով ու հռչակվեց խաղերի չեմպիոն, իսկ ԱՄՆ-ի հավաքականը առաջին անգամ պարտվեց օլիմպիական խաղերում: Ի դեպ, այդ հանդիպման առաջին մրցավարը բուլղարահայ Արթենիկ Արաբաջյանն էր:  

 ԽՍՀՄ թիմին պարտվելուց հետո, ամերիկացիները հրաժարվել են  արծաթե մեդալներից և չեն մասնակցել  պարգևատրության արարողությանը ու  մինչ այժմ  չեն փոխել  նրանք իրենց կարծիքը: Երկրորդ տեղի մեդալները պահվում են Շվեյցարիայի  Լոզանում՝ ՄՕԿ –ի գրասենյակի  չհրկիզվող պահարանում։ 

ԱՄՆ-ի հավաքականի ավագ Քենեթ Դևիսն իր կտակում հանձնարարել է կնոջն ու երեխաներին երբեք չընդունել մրցանակը։ Սա օլիմպիական խաղերի պատմության ամենավիճահարույց արդյունքներից մեկն է։ 

1972թ.  սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել օլիմպիական սպորտի պատմության ամենամեծ ողբերգությունը։ Պաղեստինյան «Սև սեպտեմբեր» կազմակերպության ութ ահաբեկիչներ ժամը 04:30-ին մտել են օլիմպիական ավանի թիվ 31 տաղավար, պատանդ վերցրել իսրայելական պատվիրակության 11 անդամների և ի պատասխան Բավարիայի ոստիկանության ուշացած ու չմտածված գործողությունների  կրակ են բացել ու սպանել բոլոր պատանդներին:

Փոխհրաձգության ժամանակ 8 զինյալներից 5-ը նույնպես զոհվել են, երեք ահաբեկիչներին ողջ են վերցրել հատուկ ջոկատայինները։ Օլիմպիական խաղերում թափված արյունը ցնցեց ողջ աշխարհը.

ՄՕԿ-ի արտակարգ նիստում որոշվել է խաղերը շարունակել։ Միջադեպի պատճառով իսրայելական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել մրցումներին  և վերադարձել է  հայրենիք: Իսրայելում սգո օր է հայտարարվել:

Ռեկորդներով հարուստ մրցակցությունը ստվերվեց քաղաքական ասպեկտներով։ 

Ի դեպ, հայերիս համար Մյունխենի օլիմպիական խաղերը  նշանակալից են մեր մարզիկների կատարած մեդալների առատ հունձքով: Չեմպիոնի կոչումով Երևան վերադարձավ սկավառականետորդուհի Ֆաինա Մելնիկը: Փոխչեմպիոնի արծաթե մեդալին արժանացավ երևանցի մարմնամարզիկ Էդվարդ Միքայելյանը:

 Նրանց համաքաղաքացիներ, ֆուտբոլիստներ Արկադի Անդրեասյանը, Հովհաննես Զանազանյանը և ջրացատկորդ Դավիթ Համբարձումյանը կանգնեցին պատվո պատվանդանի  << բրոնզե աստիճանին >>  :
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր