211652_close_icon
views-count1235 դիտում article-date 13:21 17-07-2022

ՇՄ նախարարի տեղակալը Սյունիքի մարզում ծանոթացել է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման աշխատանքներին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմի մեջ մտնող բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով հուլիսի 12-15-ը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։

ՊՈԱԿ-ի կազմում են «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիք» ազգային պարկը, «Բողաքար» արգելավայրը, «Սոսու պուրակ» արգելավայրը, «Զանգեզուր» արգելավայրը, «Խուստուփ» արգելավայրը, «Սև լիճ» արգելավայրը։

Կապան քաղաքում նախարարի տեղակալն հանդիպում է անցկացրել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ։

Աշխատակազմի հետ հանդիպմանը նախարարի տեղակալը նախ իր գոհունակությունն է հայտնել աշխատանքների ընթացքի վերաբեյալ, ապա անդրադարձել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարմանն ուղղված նախարարության ծրագրերին․
«Սյունիքի մարզում բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը տարբերվում է մեր մյուս տարածքներից իր առանձնահատկություններով, բայց ինչպես մեր մյուս կառույցներում, այնպես էլ այստեղ նպատակ ունենք գնալ որակական փոփոխությունների ճանապարհով, մենք գնում ենք բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ պահպանության, կառավարման և կարողությունների զարգացման ուղղությամբ։ Քաղաքականություն մշակելիս և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մենք փորձում ենք անել հնարավորը, որ իրականացվող ծրագրերը դրական ազդեցություն ունենան «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի հետագա զարգացման և կայացման վրա՝ դարձնելով այն միջազգային պահանջներին և չափանիշներին համապատասխանող բնության հատուկ պահպանվող տարածք»,-նշել է նախարարի տեղակալը։

Հաջորդիվ ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալն եղել է ՊՈԱԿ-ի ԲՀՊՏ- ներում և տեղում ծանոթացել ՊՈԱԿ-ի կենսաբազմազանությանը, պահպանվող տարածքների առանձնահատկություններին, հնարավորություններին և զբոսաշրջային ներուժին։

 Նախարարի տեղակալն այցելել է «Շիկահող» պետական արգելոց, այնուհետև «Շիկահող» մասնաճյուղի վարչական շենքում հանդիպում անցկացրել մասնաճյուղի աշխատակիցների հետ, քննարկվել են առկա հիմնախնդիրները, դրանք ճգրիտ գույքագրելու և համապատասխան խողովակներով բարձրաձայելու անհրաժեշտությունը:

Արամ Մեյմարյանն այցելել է նաև Կապան քաղաքից մոտ 25 կմ հվ, «Շիկահող» պետարգելոց տանող ճանապարհին գտնվող «Փղի ճտեր» որմնաքանդակ, քննարկվել են հուշարձանի անձնագրավորման հնարավորությունները։

Նախարարի տեղակալն այցելել է նաև Ներքին Հանդ համայնք «Սոսու պուրակ» արգելավայր՝ տեղում ծանոթացել արևելյան սոսու Կովկասում ամենախոշոր բնական պուրակին և դրա պահպանության առանձնահատկություններին, տնկարանային տնտեսությանը և առաջարկվող երթուղու հնարավորություններին։ Քննարկվել են արգելավայրի և դրա կենսաբազմազանության արդյունավետ պահպանմանն առնչվող հարցեր։

Արամ Մեյմարյանը եղել է «Արևիք» մասնաճյուղում՝ վարչական շենքում հանդիպել մասնաճյուղի աշխատակիցներին, ծանոթացել առկա իրավիճակին և հնարավորություններին։

Այնուհետև այցելել է այցելել «Արևիք» ազգային պարկի տարածք, իսկ «Բողաքար» արգելավայրում այցելել է Բողաքարի ջրվեժ։ Նախարարի տեղակալի այցը շարունակվել է դեպի «Զանգեզուր» արգելավայր, որտեղ՝ 3600 մ բարձրության վրա իրականացրել է կենդանիների դիտարկում։

Եզրափակելով աշխատանքային այցը Սյունիքի մարզ՝ Արամ Մեյմարյանը եղել է «Խուստուփ» արգելավայրում, այնուհետև կատարել վերելք Խուստուփ լեռնագագաթ։

Նմանատիպ նյութեր