211652_close_icon
views-count1956 դիտում article-date 15:38 16-07-2022

Թուրքմենստանում արգելափակել են ռուսական բոլոր լրատվական կայքերը

Թուրքմենստանի իշխանություններն արգելափակել են ТАСС-ի, «РИА Новости»-ի, «ИноСМИ»-ի, РБК-ի եւ ռուսական հեռուստաալիքների կայքերի մուտքը, հայտնում է «Ազատլիկ» ռադիոն։

Աշխաբադից հրատարակության թղթակցի փոխանցմամբ՝ արգելափակվել են «բոլոր ռուսական լրատվական կայքերը», որոնց մուտքն ազատ էր մի քանի օր առաջ։

«Սրանք վերջին արտասահմանյան լրատվական կայքերն էին, որոնց հասանելիությունն ազատ էր, իսկ այժմ՝ ոչ: Արգելափակվել է մուտքը ինչպես կայք, այնպես էլ բջջային հավելվածների միջոցով»,- ասել է ռադիոլրագրողը։

Նա նշել է, որ դրանից քիչ առաջ արգելափակվել են ադրբեջանական, ղազախական եւ ղրղըզական լրատվական կայքերը, ինչը գրեթե ամբողջությամբ սահմանափակել է արտերկրից լուրերի հոսքը։

Բացի դրանցից, իշխանությունները սահմանափակել են բազմաթիվ արտասահմանյան բանկերի, վճարային համակարգերի, Microsoft Store-ի ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաեւ App Store-ից հավելվածներ եւ երաժշտություն ներբեռնելու գործառույթները։ «Ազատլիկ»-ի տեղեկություններով՝ վերջին արգելափակումը տեղի է ունեցել գրեթե բոլոր VPN ծառայությունների հասանելիության դադարեցման ֆոնին։

Թուրքմենստանը միշտ ինտերնետի արագության եւ ազատության առումով համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է վերջին տեղերը։ Երկրում արգելափակված է հասանելիությունը Facebook, Twitter, VKontakte սոցիալական ցանցերին, ինչպես նաեւ Youtube վիդեոհոսթինգին եւ գրեթե բոլոր արեւմտյան լրատվական կայքերին։ Արգելափակված են նաեւ Chronicle of Turkmenistan անկախ հրատարակությունների եւ Turkmen.news-ի կայքերը, որոնց խմբագրություններն աշխատում են արտերկրից։

Բացի այդ, Թուրքմենստանի իշխանությունները արգելափակում են VPN ծառայությունները եւ անընդհատ հետապնդում են քաղաքացիներին դրանք օգտագործելու համար. տուգանում եւ հարցաքննությունների են կանչում արգելափակված կայքերը դիտելու համար:

Հուլիսի 14-ին Turkmen.news-ը հայտնել է ամերիկյան Cloudflare ընկերության մուտքն արգելափակելու մասին, որի օգնությամբ աշխատում էին երկրի կայքերի երկու երրորդը, հայտնում է Asia Plus-ը։

Նմանատիպ նյութեր