211652_close_icon
views-count1969 դիտում article-date 14:41 14-07-2022

Ծխախոտի օգտագործման դեմ պայքարի ծրագիրը և 2022-2026 թթ միջոցառումների ցանկը հաստատվեց

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման դեմ պայքարի ծրագիրը և 2022-2026 թվականների միջոցառումների ցանկը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայն Առողջապահական համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների` ծխախոտի օգտագործման հետևանքով յուրաքանչյուր տարի մահանում է ավելի քան 8 մլն.  մարդ, որից ավելի քան 1,2 մլն. չծխողներն են, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը: Աշխարհի 1,1 մլրդ. Ծխողների շուրջ 80% -ը ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:

Համաձայն 2016-2017 թթ. ԱՀԿ ազգային հետազոտության տվյալների,  Հայաստանի 18-69 տարեկան բնակչության 28%-ը ներկայումս ծխում է, որոնցից 27% ծխախոտ օգտագործում են ամեն օր: Ներկայումս ծխում են չափահաս տղամարդկանց 51,7%-ը, իսկ կանանց՝միայն 1,8%-ը:

Հայաստանի բնակչության 56,4% նշել են, որ ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը տանը, իսկ 26.6%` աշխատավայրի փակ տարածքում:

Հայաստանում 17-ամյա դեռահասների շրջանում երբևիցե կյանքում 1-2 օր ծխախոտ օգտագործել են տղաների 8%, աղջիկների 3,5%, իսկ  17- ամյա դեռահասների շրջանում նարգիլե օգտագործել են տղաների 19%, իսկ աղջիկների 12%-ը:  

Հայաստանում ամեն տարի ախտորոշվում է շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացությունների մոտ 1500 նոր դեպք, տղամարդկանց շրջանում թոքի քաղցկեղով հիվանդացությունը և մահացությունը 5-6 անգամ բարձր է՝ կանանց համեմատությամբ: Թոքի քաղցկեղի 80%-ը պայմանավորված է տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման բարձր տարածվածությամբ: Թոքի քաղցկեղի ախտորոշմամբ մարդկանց միայն 12%-ն է ապրում մինչև 5 տարի:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական հետևանքներից, որպեսզի մշտապես և էականորեն կրճատվի ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության տարածվածությունը, պաշտպանելով ծխախոտի ծխի երկրորդային ազդեցությունից և նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության ցուցանիշները՝ կրճատելով ծխախոտի օգտագործումը։

Նմանատիպ նյութեր