211652_close_icon
views-count885 դիտում article-date 15:11 12-07-2022

Հայաստանը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանին որպես ՄԻԽ պաշտոնական փաստաթուղթ շրջանառել է ԼՂ հիմնահարցին վերաբերող հայտագիր

2022 թվականի հունիսի 13-ից հուլիսի 8-ը Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նստաշրջանի ինտերակտիվ երկխոսությունները և պանելային քննարկումները կենտրոնանում էին Խորհրդի օրակարգի այնպիսի առանցքային հարցերի շուրջ, ինչպիսիք են կանանց և աղջիկների իրավունքները, խոսքի և հավաքների ազատության հետ կապված հարցերը, ներքին տեղահանված անձանց և միգրանտների իրավունքների խնդիրները, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդու իրավունքների խախտումների բացառումը, COVID-19 համավարակից վերականգնումն ու մարդկանց առողջության իրավունքի պաշտպանությունը: ՄԻԽ-ն անդրադարձել է նաև կրթության իրավունքին, թրաֆիքինգի և արտադատական մահապատիժների դեմ պայքարի հարցերին, առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակներին:

Որպես ՄԻԽ փոխնախագահ՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը նախագահել է նստաշրջանի մի շարք հանդիպումներ, ինչպես նաև մասնակցել է ՄԻԽ բյուրոյի շրջանակներում կազմակերպչական ու գործառնական հարցերի շուրջ որոշումների քննարկմանը, կայացմանն ու իրագործմանը։

ՀՀ պատվիրակությունը նստաշրջանի ընթացքում հանդես է եկել 35 հիմնական և պատասխան ելույթներով, այդ թվում՝ բանաձևերի ընդունման ընթացքում 4 ընդհանուր մեկնաբանություններով և 1 քվեի բացատրությամբ:

Հայաստանի Մշտական ներկայացուցչությունն իր ելույթներում անդրադարձել է ՄԻԽ նստաշրջանին ընդգրկված բովանդակային հարցերի մեծ մասին: Ներկայացվել են նաև մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի առաջնահերթությունները, ՀՀ պատրաստակամությունն ու նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և վերջիններիս զարգացմանը։ Շեշտվել է, որ հավատարիմ մնալով իր կողմից ստանձնված գերակայություններին՝ Հայաստանը, որպես Մարդու իրավունքների խորհրդի անդամ, շարունակում է նպաստել ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանը՝ ազգային և միջազգային մեխանիզմների ամրապնդման միջոցով:

Նստաշրջանի ընթացքում ՀՀ պատվիրակության կողմից մանրամասն անդրադարձներ են կատարվել Ադրբեջանի կողմից Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և պատերազմական հանցագործություններին: Ներկայացվել են Ադրբեջանի կողմից իրագործված արտադատական մահապատիժների, անհետ կորածների, ռազմագերիների, մշակութային ու կրոնական հուշարձանների ոչնչացման ու ավիրման դեպքերը, հումանիտար գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների ելումուտի արգելափակումը։ Շեշտվել է, որ Ադրբեջանն անտեսում է միջազգային դատական ատյանների որոշումները, ինչպես նաև ՄԱԿ մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի հստակ հարցադրումները։

ՄԻԽ 50-րդ նստաշրջանում Հայաստանը համահեղինակել է մի շարք կարևոր բանաձևեր՝ այդ թվում դատավորների և իրավաբանների անկախության և անկողմնակալության, ներքին տեղահանված անձանց մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի մանդատի, մարդկային կորուստների արձանագրման, աղջիկների և կանանց նկատմամբ բռնության դեմ հարցերով հատուկ զեկուցողի մանդատի, մարդու իրավունքների և կլիմայի փոփոխության, կարծիքի և արտահայտվելու ազատության իրավունքի, մարդու իրավունքների և քաղաքացիական անձանց կողմից հրազենի ձեռք բերման ու օգտագործման, խաղաղ հավաքների վերաբերյալ բանաձևերը:

ՄԻԽ 50-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանը միացել է վեց համատեղ հայտարարության։ Հայաստանը նաև, որպես ՄԻԽ պաշտոնական փաստաթուղթ, շրջանառել է չորս հայտագիր, որոնք հիմնականում վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Դրանցից մեկն անդրադառնում էր Մարաղայում հայերի կոտորածի 30-ամյակի ոգեկոչմանը:

Հայաստանի Մշտական ներկայացուցչությունը մասնակցել է նաև ՄԻԽ 50-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպված մշակութային միջոցառմանը, որտեղ ՄԱԿ անդամ երկրները ներկայացրել են իրենց ազգային սովորություններն ու խոհանոցը:

Նմանատիպ նյութեր