211652_close_icon
views-count1268 դիտում article-date 09:25 12-07-2022

Արևմտյան պատժամիջոցները Չինաստանին հնարավորություն են տալիս ուժեղ դիրքերից բանակցել Ռուսաստանի հետ․ «Ամերիկայի ձայն»

Փետրվարի 24-ից հետո փոխվե՞լ է արդյոք Չինաստանի դերը ռուսական էներգետիկ ոլորտում։ Այս հարցի պատասխանին էր նվիրված հուլիսի 8-ին Վաշինգտոնում Ատլանտյան խորհրդի փորձագետների կլոր սեղանը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Չինաստանը հիմնականում ենթարկվել է Ռուսաստանի նկատմամբ արևմտյան տնտեսական պատժամիջոցներին, սակայն շարունակում է նավթ, ածուխ և բնական գազ գնել իր հյուսիսային հարևանից: Արևմուտքը մտածում է առաջիկա ամիսներին ռուսական էներգակիրների արտահանման դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանել. ինչպիսի՞ արձագանք ակնկալել Պեկինից այդ առումով:

Ռուսաստանի և Չինաստանի էներգետիկ գործընկերությունը հակասական է. չինական պետական էներգետիկ ընկերությունները դադարեցրել են նավթաքիմիական նախագծերը Ռուսաստանում, ներառյալ հեղուկ բնական գազի (LNG) նախագծերը: Կընդլայնվեն արդյո՞ք էներգետիկ կապերը աշխարհի երկու ամենամեծ տերությունների միջև, թե՞ Պեկինն ավելի կհեռանա Մոսկվայից՝ իր սեփական տնտեսական շահերից ելնելով: Ինչպե՞ս է Պեկինը դիտարկում Մոսկվայի խնդիրները Արևմուտքի հետ և հակառուսական պատժամիջոցները. որպես հնարավորություն, թե որպես սպառնալիք իր համար, իսկ մի գուցե՝ երկուսը միասին: Այս հարցն էր բարձրացրել կլոր սեղանի ընթացքում Ատլանտյան խորհրդի եվրասիական կենտրոնի տնօրեն, Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբստը:

«2021 թվականին արդեն Ռուսաստանը Չինաստանի՝ նավթի երկրորդ խոշոր մատակարարն էր: Այդ ծավալը հավասարապես բաշխված էր խողովակաշարերի և ծովային բեռնափոխադրումների միջև», - ասում է Կոլումբիայի համալսարանի գլոբալ էներգետիկ քաղաքականության կենտրոնի ավագ վերլուծաբան Էրիկա Դաունսը: Բացի այդ, Ռուսաստանը ածխի երկրորդ և Չինաստան բնական գազի երրորդ մատակարարն է: Այն, անկասկած, ավելին է արել, քան ցանկացած այլ երկիր՝ օգնելու Չինաստանին դիվերսիֆիկացնել ինչպես իր մատակարարումը, այնպես էլ էներգիայի ներմուծման աղբյուրը: Դա արվել է միջսահմանային նավթագազային խողովակաշարերի ստեղծման միջոցով»։

Էրիկա Դաունսը կարծում է, որ Չինաստանն է ամենաշատ շահել Ռուսաստանի խնդիրներից. պատժամիջոցները «Չինաստանին հնարավորություն են տվել էժան գնով ներմուծել ռուսական էներգակիրների մեծ քանակություն: Նրանք շատ ռեսուրսներ են գնում ռոուսական կողմից, հատկապես նավթ, որից շատ այլ երկրներ հրաժարվել են, և դա պոտենցիալ Պեկինին հնարավորություն է տալիս ուժեղ դիրքերից բանակցել Ռուսաստանի հետ նոր ենթակառուցվածքների կամ մատակարարման նախագծերի, ինչպես նաև հնարավոր գնումների շուրջ»:

Մյուս կողմից, Չինաստանն ակնհայտորեն շատ զգույշ է գործում, նշում է Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի դպրոցի Կլիմայի քաղաքականության ամբիոնի պրոֆեսոր և կենտրոնի գործադիր տնօրեն Էմի Ջաֆը: Նկատելի չէ, որ Չինաստանը Ռուսաստանին առաջարկում է «այն, ինչին հատկապես ձգտում է ռուսական կողմը. օրինակ, մենք խոշոր նոր պայմանագրերի մասին որևէ տեղեկություն չունենք»։ «Սիբիրի ուժը» երկրորդ գազատարի նախագիծն առաջ չի շարժվում, իսկ չինական ընկերությունները դեռ որևէ ակտիվների գնումմներ կամ ներդրումներ չեն կատարում Ռուսաստանում:

Փորձագետները հիշեցնում են, որ «Սիբիրի ուժը» գազատարի պայմանագիրը ստորագրվել է «Գազպրոմի» և Չինաստանի նավթի և գազի CNPC ազգային կորպորացիայի միջև 2014 թվականի մայիսին՝ Ղրիմի բռնակցումից հետո, և դա «այն ժամանակ Պուտինի համար մեծ հաղթանակ էր թվում, քանի որ նա կարողացավ ցույց տալ մնացած աշխարհին, որ ունի հզոր բարեկամ, ով աջակցում է իրեն մեծ գործարքներով»: Ութ տարի անց, սակայն, արձագանքը շատ տարբեր է։ «Չինաստանը բարդ գործընկեր է դարձել Պուտինի համար»:

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) էներգետիկ անվտանգության և կլիմայի փոփոխության փորձագետ Էդվարդ Չոուն ուշադրություն է հրավիրում Չինաստանի ցանկության վրա ոչ այնքան աջակցել Ռուսաստանին, որքան դեմ հանդես գալ ԱՄՆ-ին: Հակամարտության պատճառով Ռուսաստանը Չինաստանին վաճառել է լրացուցիչ չորս հարյուր հազար տոննա LNG։ Սա 50%-ով ավելի է, քան մեկ տարի առաջվա ցուցանիշը՝ չնայած այն հանգամանքին, որ Չինաստանի էներգետիկ կարիքներն այս գարնանը կրճատվել են համավարակի պատճառով։ Այսօր մոտ մեկ տասնյակ նոր LNG նախագծեր առցանց են հայտնվում ԱՄՆ-ում, նրանց հնարավոր պայմանագրերի 30%-ը Չինաստանում է: Այսպիսով, վերջին մի քանի ամիսների ընթացքում Չինաստանը հսկայական ջանքեր է գործադրել արգելափակելու ԱՄՆ LNG շուկան»:

Փորձագետի խոսքով՝ Չինաստանը 30 տոկոսանոց զեղչ է ստացել ռուսական մատակարարումների համար՝ ոչ միայն գազի, այլև նավթի։ Այնուամենայնիվ, չնայած դրան, մատակարարումների հետագա աճը դժվար թե հնարավոր լինի. եվրոպական սպառման նոր կրճատումը չի կարող փոխհատուցվել չինական և հնդկական շուկաներով: Չաուն կարծում է, որ այդ մատակարարումների առանցքային խնդիրը նույնիսկ զեղչը չէ: «Չինաստան-Ռուսաստան հարաբերությունների առանցքային խնդիրն այն է, որ երբ Ռուսաստանին շտապ անհրաժեշտ է համալրել իր ֆինանսական ռեսուրսները և իր զինված ուժերի մարտական հնարավորությունները, արդյոք այդ հարցում Կրեմլին օգնում է Չինաստանը, թե ոչ»:

Ատլանտյան խորհրդի GeoEconomics կենտրոնի ավագ վերլուծաբան Բրայան Օ'Թուլն էլ հիշեցնում է, թե ինչպես չինական արդյունաբերական պատվիրակությունը պատմում էր, թե որքան հիասթափված են նրանք ռուսական կողմից: Ինչպես են ռուսները դժգոհում չինացիներից, իսկ չինացիները՝ ռուսներից: Փաստն այն է, որ եթե Ռուսաստանը նավթի և գազի խոշորագույն արտահանողն է, ապա Չինաստանը նավթի և գազի խոշորագույն ներկրողը, և նրանք միշտ կունենան որոշակի իմաստով հակառակ շահեր։ Նախորդ տարիներին նրանց միջև փոոխհամաձայնություն չկար, և պատերազմն ապագայում ավելի կվատթարացնի իրավիճակը, ասում է Օ'Թուլը: «Ի՞նչ իմաստ ունի Կրեմլին ավելացնել մատակարարումները, եթե միևնույն ժամանակ ստիպված է լինում զեղչեր տրամադրել»,- ասում է նա:

«Պատճառներից մեկը, թե ինչու Ռուսաստանն այժմ ստիպված է տալ նավթի և գազի 30%-ոց զեղչը, կայանում է նրանում, որ շուկան կասկածներ ունի Ռուսաստանի՝ որպես երկարաժամկետ մատակարարի հուսալիության վերաբերյալ», - բացատրում է Էրիկա Դաունսը: - Պատերազմն ավելի է խորացնում Չինաստանի առանց այն էլ սրված մտահոգությունները սեփական էներգետիկ անվտանգության վերաբերյալ: Եվ դրանք հիմնված են ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմի և մտահոգությունների վրա, թե արդյոք Չինաստանը կարող է ստանալ էներգետիկ տեխնոլոգիաներ, որոնք այդքան անհրաժեշտ են իր ներքին ռեսուրսները զարգացնելու համար»: Այս պայմաններում Ռուսաստանը Չինաստանին կարող է առաջարկել միայն զեղչեր, որոնց ստացումն արդեն տեխնիկական խնդիր է բանակցողների համար։

«Չինական ընկերությունները նույնպես բանակցություններ են վարում Քաթարի հետ՝ բնական գազի մեկ այլ իսկապես խոշոր մատակարարի։ Չինաստանը, իհարկե, հույս ունի շարունակել օգտվել ռուսական զեղչերից, բայց երկարաժամկետ հեռանկարում պատերազմն ընդգծեց նրա համար դիվերսիֆիկացիայի կարևորությունը»,- եզրափակում է Էմի Ջաֆֆեն։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ինչպես նշում է Էդվարդ Չոուն, պատերազմը սկսում է ավելի ու ավելի շատ սպառել Մոսկվայի ռեսուրսները՝ հատկապես վառելիքը, ավիացիոն վառելիքը և այլն: Հետեւաբար, ռուսական վարչակարգի էներգակիրների ավելցուկը, որը կարող է առաջարկվել արտահանման համար զգալի զեղչերով, չունի ավելանալու որևէ հնարավորություն։

Նմանատիպ նյութեր