211652_close_icon
views-count1993 դիտում article-date 14:49 07-07-2022

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նորոգել Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու՝ փլուզման եզրին հայտնված պատը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ օրեր առաջ այցելել է Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ 11-րդ դարում կառուցված եկեղեցու պատը վթարային վիճակում է, և այնտեղ հենքեր են տեղադրել, որպեսզի պատը չփլուզվի:

Վարչապետը  հանձնարարականներ է տվել Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու փլուզման եզրին գտնվող պատի և դեպի Բջնիի ամրոց տանող ճանապարհի նորոգման հետ կապված:

«Ես ԿԳՄՍ նախարարին հանձնարարել եմ, որ մենք իրականացնենք այդ ծրագիրը, հետո, բարեբախտաբար, պարզվեց, որ պատրաստի նախագիծ կա և պետք է ֆինանսավորում ապահովել: Հնարավորինս արագ պետք է խոյակերտ եկեղեցու պատը նորոգենք և նաև հանձնարարականներ եմ տվել Բջնիի ամրոցի հետ կապված, քանի որ դա նույնպես մեր երկրի կարևորագույն պատմական մշակութային հուշարձաններից է: Այնտեղ ճանապարհի խնդիր կա, որը շատ մեծ թեքություն ունի, բայց պետք է ճանապարհը նորոգել, որպեսզի զբոսաշրջային պոտենցիալը ամբողջությամբ իրացվի»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով` ինքը տեղում արձանագրել է նաև, որ  հուշարձանը ներկայացնելու հետ կապված խնդիրներ կան, որոնք լուծումներ են պահանջում:

«Ունենք մի վիճակ, երբ հուշարձանը թաքնված է այգիների մեջ և, կարծում եմ,  պետք է լուծումներ գտնել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ  հիմա նորոգվում է Բջնի-Հրազդան ճանապարհահատվածը, որը տասնյակ տարիներ չվերանորոգված հատված էր և որն էականորեն կակտիվացնի  զբոսաշրջային պոտենցիալը Աղվերան-Ծաղկաձոր հատվածում:«Հաջորդ տարի կդիտարկենք Աղվերան-Չարենցավան ճանապարհահատվածը»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր