Շատ ոգևորված եմ հայկական բասկետբոլի ապագայի հեռանկարով. Ռեքս Կալամյան
Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում հաղթելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով:
« Շատ ուրախ և գոհ եմ թիմի խաղից: Այս ընթացքում համառ պայքար ենք մղել և ցույց տվել հայկական ոգու ուժը: Կարծում եմ, որ մենք՝ հայերս, չնայած բազմաթիվ փորձությունների՝ շարունակում ենք մնալ կանգուն։ Եզրափակիչ հանդիպման և, ընդհանրապես, ողջ մրցաշարի ընթացքում թիմը ցույց տվեց դա։ Նրանք խաղացին համառորեն, խաղացին միմյանց համար, և ես իրապես ուրախ եմ նրանց համար:
Եզրափակիչ հանդիպումը բարդ ստացվեց։ Մալթային հաջողվեց խաղի հենց սկզբում բավականին առաջ անցնել, ինչն առաջացրեց դահլիճում ներկա գտնվող մեծաթիվ մալթացի երկրպագուների ցնծությունը։ Չնայած այդ մեծ աջակցությանը, մեր թիմը կարողացավ վերագտնել իր խաղը և ոչ միայն հավասարացնել, այլ նաև առաջ անցնել հաշվի մեջ, ինչն այդքան էլ հեշտ չէր։ Թիմը չհանձնվեց և բնավորություն ցույց տվեց։ Ես շատ հպարտ եմ նրանց խաղով։ Ճիշտ է, խաղի սկզբում արդյունքները գոհացուցիչ չէին, բայց կարևորն այն է, որ խաղն ավարտեցինք հիասքանչ և հասանք մեր նպատակին։
Հույս ունեմ, որ ապագայում կկարողանամ շարունակել աշխատանքն այս թիմի հետ և կնպաստեմ բասկետբոլի զարգացմանը Հայաստանում։ Ես այստեղ եմ և ցանկանում եմ օգնել։ Չգիտեմ՝ ինչպես կստացվի հետագայում, բայց շատ ոգևորված եմ հայկական բասկետբոլի ապագայի հեռանկարով,- ասաց Ռեքս Կալամյանը » :
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը փոքր երկրների Եվրոպայի առաջնության եզրափակչում 84:68 հաշվով հաղթել էր Մալթայի հավաքականին և դարձել մրցաշարի հաղթող։
Մինչև այդ Հայաստանն առավելության էր հասել Ջիբրալթարի, Սան Մարինոյի և Անդորրայի հետ կայացած խաղերում: