211652_close_icon
views-count1411 դիտում article-date 20:15 05-07-2022

Շուշիից տեղահանված գորգերի ապագան դեռ անորոշ է. դրանք Պատմության թանգարանում չեն ցուցադրվի

44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի գորգերի թանգարանից տարհանված եւ Հայաստան տեղափոխված գորգերի ցուցադրության եւ պահպանման վայրը որոշելու համար ձեւավորել է հանձնաժողով, որը նամակով կդիմի Կառավարությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը։

«ԿԳՄՍ վերջին առաջարկով գորգերն արդեն հունիսին պետք է ցուցադրվեին Պատմության թանգարանում, սակայն դահլիճի նորոգման աշխատանքներն այդպես էլ չեն սկսվել, հետեւաբար՝ դրանք այդտեղ չեն ցուցադրվի: Այնտեղ նաեւ խնդիր կար, որովհետեւ իրենք պնդում էին, որ գորգերը ցուցադրվեն իրենց նմուշների հետ: Ես չեմ համաձայնել, սակայն նորմալ եմ համարում իրենց տեսակետը, որովհետեւ Պատմության թանգարանն իր նմուշները պետք է ցույց տա, մենք էլ մեր նմուշներն այլ թանգարանի հաշվին չցուցադրենք»,- նշեց նա:

Ասծատրյանի խոսքով՝ լավագույն տարբերակն այն է, որ ստեղծվի առանձին թանգարան, որտեղ կցուցադրվեն միայն Շուշիի գորգերի թանգարանի նմուշները՝ որպես առանձին պատմություն:

«Քննարկվել է նաեւ, որ այս գորգերի հիման վրա ստեղծվի գորգերի մեկ ընդհանուր թանգարան, որովհետեւ այդպիսինը Հայաստանում չունենք: Սա մեր ժողովրդի պատմամշակութային ժառանգությունն է: Մենք մշակութային քաղաքականությունը շատ լուրջ պետք է վերանայենք եւ աշխարհին ամեն ինչ ապացույցներով ցույց տանք:  Կոնկերտ մեր առաքելությունն է, որ պայքարենք Ադրբեջանի վարած քաղաքականության դեմ, որով փորձում են մեր մշակույթը յուրացնել: Եթե մենք ոչինչ չանենք, հապաղենք, հետո ուշ կլինի: Պետք է որոշենք՝ մեր մշակույթը տալի՞ս ենք Ադրբեջանին, թե՞ ոչ: Եթե չենք տալիս, պետք է հստակ քայլեր անենք, որ մերը մնա մեզ»,- ընդգծեց նա:

Ասծատրյանի խոսքով՝ գորգերն Արցախ վերադարձնելու տարբերակը եւս կարող է դիտարկվել, սակայն այն պարագայում, եթե թանգարանը ստանա պետական կարգավիճակ:

«Հիմա ադրբեջանական մամուլում իմ դեմ շատ հոդվածներ են գրվում, ասվում է, որ ես իրենց գորգերն եմ գողացել, ՅՈՒՆԵՍԿՕ-ին են բողոքներ ուղարկում: Այս պարագայում ուղղակի ճիշտ չի լինի, որ ես թանգարանը մասնավորի կարգավիճակով տանեմ Արցախ: Հիմա գորգերի ապագան կորոշեն ընթացող քննարկումների արդյունքները»,- նկատեց Ասծատրյանը:

Հիշեցնենք, որ 44–օրյա պատերազմի ժամանակ Շուշիի գորգերի թանգարանից տարհանված եւ Հայաստան տեղափոխված գորգերը, ասեղնագործությունները ու կարպետները ի սկզբանե ի պահ էին տրվել Հայաստանի պատմության թանգարանին, 3 ամիս անց այնտեղ նորոգում էր սկսվել եւ 2021թ. փետրվարին ցուցանմուշները տեղափոխվել էին Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան։ Նախատեսվում էր՝ գորգերն այստեղ պահել 6 ամիս, բայց համապատասխան պահման վայրի բացակայության պատճառով, դրանք մնացել էին ճարտարապետության ազգային թանգարանում։ 2022 թվականի հունվարի 30–ից դրանք ցուցադրությունից հանվել են եւ պահվում են այդ թանգարանում։

Ամիսներ առաջ՝ Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր,  որ գորգերի համար արժանապատիվ տեղ են փնտրում Արցախում, եւ որ այդ հարցը շուտով կլուծվի։ Սակայն, Շուշիի գորգերի թանգարանի հիմնադրի խոսքով՝ Արցախի Կառավարությունը ոչ կառուցողական մոտեցում է ցուցաբերել։

«Իրենք ասում էին՝ բերեք այստեղ, երկու տարի հետո կորոշենք՝ ինչ ենք անելու։ Ես շեշտել էի, որ պայմանագիրը պետք է հիմա կնքվի, բայց պարտավորությունները կարող եք երկու տարի հետո կատարել։ Իսկ իրենք չէին ցանկանում կնքել, չեմ հասկանում՝ իրենց ուզածն ինչ էր, եթե հարցն ուզում ես լուծել, դու լուծում ես, իսկ երբ սկսում ես պատճառներ բերել, դա նշանակում է՝ չես ուզում լուծել»,- հավելեց Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը։

Ավելի ուշ ԿԳՄՍ որոշմամբ հունիսի վերջից՝ նորոգման ավարտից հետո, գորգերը պետք է ցուցադրվեին Պատմության թանգարանում:

Նմանատիպ նյութեր