211652_close_icon
views-count1449 դիտում article-date 16:43 01-07-2022

Ես այս պահից հրաժարական եմ տալիս հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից․ Թադևոս Ավետիսյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ևս հրաժարվել է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։ Նա գրել է․«Հայաստանն աներևակայելի արագ քայլերով հեռանում է ժողովրդավարական արժեքներից։ Փնթի բռնապետությունն այլևս իրողություն է։ Երկրի կառավարումը իրականացվում է բացառապես մեկ անձի քմահաճույքներով։

Պետական ինստիտուտները ծառայեցվում են անձիշխանությանը։ Վախի և անկարողության մթնոլորտի տարածումը դարձել են պետական քաղաքականություն։ Հանրության պայքարի իմունիտետը ոչնչացվում է կեղծ օրակարգերի, անսահման պոպուլիզմի և ստի քողով։

Այս իրավիճակում Դիմադրությունը չունի այլընտրանք. համախմբումը և հանուն հայրենիքի պայքարը միակ ճանապարհն է հայրենազրկումը կասեցնելու համար և դեպի հայ ժողովրդի պատմական նոր արշալույս հասնելու։

Սա է իրական և միակ օրակարգը։
Հայը ունենալու է ինքնիշխան ապրելու իրավունք, արարելու և կայուն զարգանալու հնարավորություն։

Փորձում է ամեն գնով թուլացնել ազգադավ այս ընթացքին հակադրվող դիմադրողականությունը։

Հիմա էլ, իրենց արշինով առաջնորդվելով, ընդդիմադիր քաղաքական ուժերին փորձում են լռեցնել՝ Ազգային ժողովում վարչական պաշտոններից զրկելով։

Չի լինելու։ Այսպիսով Դիմադրողականությունը ավելի մեծ թափ է ստանալու։
Պաշտոնը մեր համար նպատակ չէ։ Դա ընդամենը միջոցներից մեկն է հանուն հայրենիքի պայքարում։

Կարճ. պայքարելու ենք մինչև հաղթանակ, որի համեմատ պաշտոնը, մանդատը ոչինչ են։

Իմ ազգին ծառայել եմ, այսուհետ' ամեն օր ավելի մեծ նվիրումով, իմ ունեցած ողջ ներուժով, հնարավորություններով և ամենակարևորը՝ անկոտրում վճռականությամբ։

Իսկ հիմա, ի պատասխան օրվա իշխանության՝ մեզ լռեցնելու մեռելածին հերթական փորձի, հայտարարում եմ.

Ես այս պահից հրաժարական եմ տալիս Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից»։

Հիշեցնենք, որ այսօր ՔՊ–ն արտահերթ նիստով պաշտոններից զրկել է Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին, որից հետո հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին է հայտնել Արմեն Գևորգյանը, ինչպես նաև հրաժարական է ներկայացրել Հայկ Մամիջանյանը։

Նմանատիպ նյութեր