211652_close_icon
views-count39456 դիտում article-date 19:36 27-06-2022

Երևանի Օլիմպավանում մեծարման երեկո էր. 9-ամյա ռեկորդակիր տղան իր ռեկորդը նվիրեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Գևորգ Ջավախյանին՝ «Ոսկե Գևին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 26-ին, Դավիթաշեն վարչական շրջանում գործող Օլիմպավանում տեղի ունեցավ Արցախյան  44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, տանկիստ Գևորգ Ջավախյանին նվիրված միջոցառում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառման գլխավոր հերոսներն էին Գ. Ջավախյանը, ով ավելի շատ հայտնի էր «Ոսկե Գև» մականվամբ և 9-ամյա Առաքել Պետրոսյանը:

 Ա. Պետրոսյանը ծնվել է 2013 թ.-ի հունվարի 16-ին: 2 տարեկանից հաճախել է հ. 129 մանկապարտեզ։ Ավարտելուց հետո ընդունվել է հ. 161 հիմն. դպրոց։ Հայրիկի հետ շատ հաճախ հաճախել է մարզադայլիճներ։ 1 տարի հաճախել է գիմնաստիկաի Ազարյանի դպրոցում, դրանից հետո էլ 2 տարի մարզվել է K1 սպորտաձևով, ունեցել է հաջողություններ։ K1-ի հետ  զուգահեռ զբաղվել է ավանդական կառատե-դոյով։ Հիմա հաճախում է «Հայաստան»  մարզական հասարակական կազմակերպության օլիմպիական հերթափոխի բռնցքամարտի մարզադպրոց, ում մարզիչը Արթուր Մելքումյանն է:

Օլիմպավանի բասկետբոլի համար նախատեսված դահլիճում հավաքվել էին հերոս Գ. Ջավախյանի  հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր, լեգենդ դարձած ծնողների հայրեր, եղբայրներ, ինչպես նաև ռեկորդը գրանցող ժյուրիի ղեկավար կազմը:

Երեկ փոքրիկ հերոս Առաքելը մարզաքարերով պետք է վարժություն աներ 1111 անգամ, սակայն ինչպես կյանքում ու 44-օրյա պատերազմում իրեն գերազանցել էր «Ոսկե Գևը», երեկ էլ իրեն գերազանցեց փոքրիկ Առաքելը:

Նա մարզաքարերը բարձրացրեց 1333 անգամ ու սահմանեց նոր ռեկորդ, որից հետո նա հայտարարեց, որ այն նվիրում է  Գ. Ջավախյանին:

Մարզաքերերից յուրաքանչյուրը 3 կգ էր, ընդհանուր՝ 6 կգ, ինչը Առաքելի տարիքում բացառիկ ռեկորդ է:

Միջոցառման ժամանակ նաև հանդես եկան պարային խմբեր, իսկ վերջում ռեկորդակիր Առաքելին շնորհավորեցին Գ. Ջավախյանի հարազատները, նրան նվիրելով լեգենդ դարձած հերոսի լուսանկարով պատվոգիր, գավաթ, իսկ  փոքրիկ Առաքելն էլ հերոսածին մայրերին ծաղիկներ նվիրեց:

Գևորգ Գրիգորի Ջավախյանը ծնվել է 2001թ.-ի մայիսի 3-ին: Ջավախյանների ընտանիքում 5 տարի սպասումից և աղջիկ երեխայից հետո՝ 2001 թ-ին, ծնվեց արու զավակ։ Նրան անվանակոչեցին Գևորգ՝ ի սեր Սուրբ Գևորգի... Ի դեպ, պատերազմը սկսել է հենց Սուրբ Գևորգի օրը, Ինչպես Գևորգի մայրն է ասում՝ Գևորգին ունեցել է «Պատվերով»։

5 տարի արու զավակի սպասումով ապրելուց հետո, վերջապես արու զավակով լինելուց նա չոքեչոք եկեղեցում խնդրել է ,որ տղան ծնվի սպիտակամորթ, խարտյաշ և գանգրահեր, ունենա երկնքի պես ջինջ աչքեր։ Հենց այդպես էլ եղավ։ Մայիսի 3-ին ծնվեց Գևորգը՝ մոր պատվիրված արտաքինով։

Գևորգը դեռ մանկուց աչքի ընկել ոչ միայն իր հրեշտակային արտաքինով,այլ նաև իր անմեղությամբ, բայց միաժամանակ ճարպկությամբ և երեխայական քաղցր անկարգություններով։ Մանկապարտեզում նույնպես ամենաակտիվներից էր։

Գևորգը ուշ խոսելու պատճառով իր ամբողջ զգայական ներաշխարհը հանձնում էր թղթին՝ նկարելով սև-սպիտակ պատկերներ։  2007 թ-ին համար 27 միջնակարգ դպրոցում հնչեցին նաև Գևորգի 1ին զանգերը։ Դասարանում ամենասիրվածն էր, ամենասիրունը, դասարանի ուրախությունը, ամենա,ամենա-ամենան...հենց այսպես են նկարագրում Գևորգին դասարանցիները։

Ասում են, երբ Գևորգը դասի չէր գալիս, զանգում ու բոլորով կանչում էին դպրոց,որովհետև առանց Գևորգ ձանձրալի էին անցնում օրերը։ Գևորգը նաև շատ տաղանդավոր էր, բացի նկարելը նաև երաժշտությանն էր շատ մոտ։

Հայաստանում beatbox ֆեդերացիայի 1ին անդամներից էր։ Լինելով տարիքով փոքր, նա շատ հեշտ կարողանում էր բերանով արտաբերել տարբեր երաժշտական գործիքների ձայներ և տիրապետում էր այդ ասպարեզի բոլոր հմտություններին։  Գևորգը մասնակցել է beatbox-ի տարբեր մրցույթների, համերգների և ձեռք բերել բազմաթիվ մեդալներ և պատվոգրեր` արժանանալով առաջին և երկրորդ հորիզոնականներին:

2016թվականին Գևորգը արդեն տեղափոխվում է համար 115 ավագ դպրոց: Այնտեղ ևս սիրված էր և դասարանի խինդ ու ծիծաղն էր: Թ՛ե միջնակարգ և թ՛ե ավագ դպրոցներում նա նմանակում էր բոլոր ուսուցիչներին և աշակերտներին: Բանը նրան էր հասել, որ արդեն ուսուցիչներն էին կանչում Գևորգին և խնդրում նմանակել այս կամ այն ուսուցչին: Տաղանդավոր և տաղանդաշատ Գևորգը, այդ տեմպերով շարունակելով, հասավ TV: Երիտասարդական սերիալներից մեկում beatbox-ի տեսարանը վստահվեց հենց Գևորգին: Հենց այստեղից էլ սկսեց իր կարիերան,Գևորգին նկատում են և կանչում նկարահանվելու «Ոսկե Դպրոց» սիթքոմում: Դերասանների կողմից սիրված Գևորգը իրեն այնտեղ դրսևորում էր զուսպ, մինչդեռ այնքան էր ուրախացել այդ առաջարկից, որ արդեն ամբողջ դպրոցը գիտեր այդ մասին: 2-3 տարի նկարահանումների շնորհիվ Գևորգը ձեռք է բերում մեծ ճանաչում փոքրերի և պատանիների շրջանում: Նրա հետ այլևս չէր ստացվում հանգիստ զբոսնել քաղաքում, բոլորը ճանաչում էին, բոլորը ուզում էին նկարվել Գևորգի հետ: Այդ պատճառով էլ ընկերների սկսել են Գևորգին անվանել Ոսկե Գևորգ։ Նրան դուր էր գալիս այդ ամենը և անընդհատ ասում էր,որ նա հայտնի է և էլ ավելի հայտնի է դառնալու:

Նկարահանումներին զուգահեռ, նաև հաճախեց երաժշտական դպրոց՝ փողային գործիքների բաժին, որպեսզի բանակում ծառայի նվագախմբում, սակայն հասկանալով, որ դա իրենը չէ, կիսատ թողեց։

2019 թ-ի սկզբից ընտանիքի հետ որոշելուց հետո դպրոցի հետ համատեղ հաճախեց՝ Ռադիոտեխնիկայի և կապային համակարգի դպրոց, որպեսզի բանակում դառնա կապավոր։

Դպրոցները ավարտելուց հետո արդեն նա վայելում էր մինչ բանակը իրեն տրված օրերը և անընդհատ իր ընկերների և ընտանիքի մոտ կրկնում՝ Ես հայտնի եմ դառնալու։

2019 թվականի հուլիսի 11-ին Գևորգը զորակոչվում է բանակ: Իսկ մինչ այդ հուլիսի 10-ին գրառում կատարում սոց ցանցում. «Ես չեմ ուզում կիսվել իմ պլանների մասին, մաքսիմում կարող եմ միայն ասել, որ շուտով դուք կլսեք իմ անունը ավելի բարձր»։

Հուլիսի 11-ին վիճակահանության արդյունքում պարզվում է, որ Գևորգը ծառայությունը չի շարունակելու որպես կապավոր, այլ բանակում լինելու է տանկիստ։ Գևորգը 6 ամիս ծառայում է Արմավիրի ուսումնական զորամասում՝ որպես տանկիստ-նշանառու օպերատոր:

Զորամասի լավագույն նշանառունռջից էր, պարգևատրվել էր մի շարք պատվոգրերով և շնորհակալական նամակներով։ Իր ամենաբարձր հրամանատարներից մեկը մի օր ամբողջ շարքում՝ ի նշան հարգանքի, մոտենում է Գևորգին և սեղմում ձեռքը ասելով, որ նա իսկական տանկիստ է։ Առաջին բանակային նոր տարին Գևորգը անցկացնում է տանը` իր ընտանիքի հետ։ Իսկ հունվարի 9-ին՝ հետ գնում զորամաս և մեկնում Արցախի Հանրապետություն, ծառայությունը շարունակում է Խոջալուի տանկային զորամասում։

Թե՛ Արմավիրի և թե՛ Արցախում զորամասի զինվորական և սպայական անձնակազմը ճանաչում է Գևորգին որպես «կինոյի տղա»։

Ասում են Գևորգը բանակում ևս եղել է զորամասի ուրախությունը։  Խոջալուի լավագույն տանկիստը մասնակցել է տարբեր տեսակի զորավարժությունների և գրանցել լավագույն ցուցանիշները։ Որպես լավագույն նշանառու զորամասի հրամանատարներիվ մեկը Գևորգին պարգևատրում է իր իսկ հրամանատարական գլխարկը, որը արգելված է զինվորներին կրելը,և թույլատրում, որպեսզի Գևորգը կրի այն։ Իսկ մյուս հրամանատարը Գևորգին պարգևատրում է իր իսկ հրամանատարական գոտին։ Սակայն Գևորգը ո՛չ գլխարկը, ո՛չ գոտին չի կրում, պատճառաբանելով, որ ոչ մի զինվոր չունի, ինչի ես տարբերվեմ: Սակայն մի հարցում տարբերվում էր...միայն Գևորգին էին թույլատրել, որ գիշերը քնելուց կրի ականջակալներ, քանի որ հասկացել էին, որ Գևորգը չունի կյանք առանց արվեստի։

2020թ-ի Տավուշի դեպքերի ժամանակ Գևորգին ևս տանում են առաջնագիծ։ Ամեն ինչ բարեհաջող ավարտվելուց հետո նոր Գևորգը տանեցիներին ասում է, որ առաջնագծում էր։ Չարաբաստիկ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սանձազերծում է նոր, լայնամաշտաբ պատերազմ։ Մինչդեռ Գևորգը 26-ին զանգահարում է քրոջը ու ասում, որ վերջինս աղոթի իր համար։ Լուրը լսելուն պես, ընտանիքը ամեն վայրկյան սպասում էր Գևորգի զանգին։ Իսկ Գևորգը՝ որպես օրինակելի որդի, երկար սպասեցնել չէր տալիս։ Զանգում ու ասում էր,որ ամեն ինչ շատ լավ է իր հետ, ավելի քան երբևԷ։

Գևորգը ընտանիքին այդպես էլ չի ասում, թե նրան Արցախի որ հատված են տեղափոխել։ Միայն քրոջ ամուսնուն է տեղեկացնում, որ Աղդամում է (Ակնայում)՝ թաքստոցում։ Գևորգին և իր գումարտակին մինչ հոկտեմբերի 22-ը թաքցրել են թշնամուց, որպես լավագույն գումարտակ և պահել հատուկ նշանակության գործողություն իրականացնելու համար։ Թաքստոցում անցկացնելուց հետո՝ հոկտեմբերի 23-ին Գևորգին տեղափոխում են Կարմիր Շուկա։ Տեղափոխվելուց հետո զանգել է քրոջ ամուսնուն ու ասել՝ Եթե ինձ հետ մի բան պատահի, քրոջս լավ կնայես, տանեցիներիս էլ տիրություն կանես։

Ծառայակից ընկերները ասում են, որ ոգին տեղն է եղել, բոլորին ոգևորել է ու անընդհատ ասել. -Ես պետք է հերոս դառնամ։  Կարմիր Շուկայի և Շեխեր գյուղի թեժ մարտերի ժամանակ ոչնչացնում է 1 տանկ և խոցում մի քանի տեսակի զրահատեխնիկա  БИП, БТР: Հենց այդ րոպեից էլ ընկերները անունը կնքում են ՀԵՐՈՍ ՋԱՎԱԽՅԱՆ։

Եվս մեկ փաստ, որ Գևորգն եղել է հզոր տանկիստ՝ թշնամուն զգալի վնասներ պատճառելուց հետո,Ադրբեջանական զորքը ոչնչացնելու նպատակով մի քանի օր հետևել, տեսանկարահանել և ֆիքսել է 055 համարի տանկին, որը հենց Գևորգի տանկն է։

Հոկտեմբերի 24-ին, ժամը՝ 11:30-ին, անօդաչուն առաջին հարվածն է հասցնում Գևորգի տանկին։ Նա ծանր վնասվածքներ է ստանում և նրան տեղափոխում են հիվանդանոց։ 1 օր լուր չունենալուց և փնտրելուց հետո, հոկտեմբերի 26-ին, քույրը գտնում է Գևորգին հիվանդանոցում՝ անգիտակից վիճակում։

Հոկտեմբերի 28-ին Գևորգը այդպես էլ գիտակցության չգալով՝ ԱՆՄԱՀԱՆՈՒՄ Է...

Գևորգը կատարեց իր խոստումը և մենք իր ԱնՈՒՆԸ ԼՍԵՑԻՆՔ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ....բայց, ցավոք այս կերպ... Հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած ԱՐԻՈՒԹՅԱՆ և ԽԻԶԱԽՈՒԹՅԱՆ համար ԳևՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆԸ հետմահու պարգևատրվել է «ԱՐԻՈՒԹՅԱՆ» մեդալով, «Զինվոր հայրենյաց» մեդալով, «Մարտական Հերթապահություն» սպայական մեդալով, բացի այդ, նա ստացել է տանկային կրծքանշան և պարգևատրվել «ՔԱՋԱՐԻ ՄԱՐՏԻԿ», «ԲԱՆԱԿԻ ԳԵՐԱԶԱՆՑԻԿ» մեդալներով: 


 Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 573+
573+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին