211652_close_icon
views-count983 դիտում article-date 09:31 25-06-2022

ԱՄՆ Գերագույն դատարանը պաշտպանել է զենք կրելու իրավունքը․ «Ամերիկայի ձայն»

Հինգշաբթի օրը ԱՄՆ Գերագույն դատարանը առաջին անգամ հայտարարեց, որ ԱՄՆ Սահմանադրությունը պաշտպանում է անձի՝ ինքնապաշտպանության նպատակով զենք կրելու իրավունքը, որը նշանակալից հաղթանակ է զենքի իրավունքի կողմնակիցների համար: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Դատարանը, որտեղ մեծամասնություն են կազմում պահպանողական դատավորները, վերացրեց Նյու Յորք նահանգի սահմանափակումները՝ տնից դուրս զենք կրելու վերաբերյալ: Դատարանը գտել է, որ 1913 թվականին ընդունված օրենքը խախտում է մարդու՝ «զենքը պահելու և կրելու» իրավունքը՝ հիմնված ԱՄՆ Սահմանադրության երկրորդ փոփոխության վրա:

Դատավոր Քլարենս Թոմասի հեղինակած վճիռը հայտարարում է, որ Սահմանադրությունը պաշտպանում է «անհատի իրավունքը՝ ինքնապաշտպանության նպատակով իր տնից դուրս զենք կրելու մասին»:

Այս որոշումը կարող է խաթարել նմանատիպ սահմանափակումները այլ նահանգներում ևս և վտանգի տակ դնել զենքի այլ տեսակների նկատմամբ պետական և նահանգային սահմանափակումները ողջ երկրում:

Զենք կրելու իրավունքը, որը կարևոր է ամերիկացիների զգալի մի հատվածի համար, հաստատվել է դեռևս 18-րդ դարում երկրի հիմնադիր հայրերի կողմից: Այն այսօր դարձել է վիճելի մի հարց ԱՄՆ-ում, որտեղ, ըստ Ռոյթերս գործակալության, առկա է հրազենի կիրառմամբ բռնությունը բարձր մակարդակ, ներառյալ բազմաթիվ զանգվածային հրաձգության դեպքերը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով հրազենի կիրառմամբ բռնությունը որակել էր ազգային խայտառակություն, քննադատել է դատարանի այս որոշումը՝ այն կոչելով «վատ որոշում»:

«Ես հիասթափված եմ զենքի մասին Գերագույն դատարանի որոշումից»,- ասել է Բայդենը։ «Կարծում եմ, որ դա վատ որոշում է, կարծում եմ, որ այն ճշգրիտ հիմնավորված չէ, ու ես հիասթափված եմ»:

Հանրապետականներն ու նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ողջունեցին դատարանի որոշումը: Վերջինս իր տարածած հայտարարության մեջ որոշումը որակել է մեծագույն հաղթանակ, որը հնարավոր է դարձել իր կողմից համապատասխան դատավորներ նշանակելու հետևանքով:

Միացյալ Նահանգներում վերջին տարիներին հարյուրավոր զոհեր են գրանցվում բազմաթիվ զանգվածային հրաձգությունների հետևանքով: Միայն վերջին շաբաթներին, մայիսի 24-ին Թեքսաս նահանգի Ուվալդե քաղաքի տարրական դպրոցում սպանվել է 19 երեխա և երկու ուսուցիչ, իսկ մայիսի 14-ին Նյու Յորք նահանգի Բաֆոլո քաղաքի մթերային խանութում՝ 10 մարդ:

Այս որոշումը դատարանի ամենակարևոր հայտարարություններից է զենքի իրավունքի վերաբերյալ ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում: Դատարանը 2008 թվականին Կոլումբիայի շրջանի գործի շրջանակում առաջին անգամ ճանաչեց անձի՝ ինքնապաշտպանության նպատակով տանը զենք պահելու իրավունքը, իսկ 2010 թվականին այդ իրավունքը տարածեծ նահանգների վրա:

Նոր վճիռն ընդգծում է 6-3-ի հարաբերակցությամբ պահպանողական մեծամասնություն ունեցող Գերագույն դատարանի վերաբերմունքը Սահմանադրության Երկրորդ փոփոխությանը:

Նմանատիպ նյութեր