211652_close_icon
views-count902 դիտում article-date 12:45 24-06-2022

Տպավորություն ստեղծվեց, որ ՀՀ-ում արդարադատությունն իրականացվում է ոչ թե դատարանում, այլ «հացի սեղանի շուրջ». Թագուհի Թովմասյան

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կասեցված լիազորությունները դադարեցվեցին, և սա հետաքրքիր զուգադիպությամբ համընկավ Ռուբեն Վարդազարյանի կողմից Գագիկ Ջհանգիրյանի հետ զրույցի հայտնի ձայնագրության հրապարակման հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Նա նաեւ հավելել է. «Այս փաստը և առհասարակ ձայնագրության բովանդակությունը խիստ մտահոգիչ է։

Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրությունը միայն քրեական հետապնդման գործընթացում ապօրինի միջամտության տարրեր չէ, որ պարունակում է: Ձայնագրությունը ՀՀ քաղաքացիների և առհասարակ բոլորի մոտ տպավորություն ստեղծեց, որ Հայաստանում արդարադատությունը իրականացվում է ոչ թե դատարանում, այլ «հացի սեղանի շուրջ», և նման «դատավարության» լեզուն էլ ոչ թե հայերենն է, այլ քրեական ենթամշակույթին հարիր ժարգոնը` համեմված տարբեր անձանց հասցեին հնչող հայհոյանքներով:

Իհարկե դժվար է ասել, թե այս երկու հանգամանքներից ժողովրդավարության ուղին բռնած հասարակության համար որն է ավելի վտանգավոր:

Այս իրավիճակում, ցանկացած քիչ թե շատ ժողովրդավարական պետության պատկան մարմինների համար սուրբ պարտականություն պետք է լիներ ոչ միայն քրեական արդարադատության միջամտությանը վերաբերող գործի բոլոր հանգամանքների մանրակրկիտ քննությունն ու մեղավորներին պատժելը, այլ նաև հասարակության մոտ այն համոզման արմատավորումը, որ արդարադատության իրականացումը, ինչպես դա պահանջում է ՀՀ Սահմանադրությունը, իրականացվում է միայն դատարանում, այլ ոչ թե «հացի սեղանի շուրջ» կամ օրենսդրությամբ չնախատեսված այլ վայրում:

Միջազգային կառույցներին եմ ուղարկելու ձայնագրության սղագրությունը և գործընկերներիցս գնահատականներ եմ խնդրելու այն մասին, թե ինչպես կարող է իրեն ժողովրդավար հռչակած երկրում Բարձրագույն դատական խորհուրդը միջամտել որևէ մեկի քրեական գործին, քաղաքական նկատառումներից ելնելով սպառնալ վերջինիս, և այս ամենի նպատակը լինի բացառապես քաղաքական իշխանության պահպանումը։

Որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ ուշադրությամբ հետևելու եմ այս գործի քննությանը: Արդար դատաքննության իրավունքը ոչ միայն պետք է երաշխավորվի գործնականում, այլ նաև այն պետք է տեսանելի լինի հասարակության համար»:

Նմանատիպ նյութեր