211652_close_icon
views-count1471 դիտում article-date 14:35 23-06-2022

ԲԴԽ-ն դադարեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հունիսի 23-ին, ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում կայացրեց։

News.am-ի փոխանցմամբ՝ Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմումը ներկայացրել էին ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Դավիթ Խաչատուրյանը եւ Լիպարիտ Մելիքջանյանը։ Կարգապահական վարույթ հարուցելու հիմքը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցն է։ Վարդազարյանն այդ հարցազրույցում խոսել է ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցի մասին, նշել, թե այդպիսով խախտվել է դատավորի չեզոքության սկզբունքը։

Կարգապահական վարույթ հարուցելու առնչությամբ Վարդազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը նշել է, որ խորհուրդը կարգապահականի այդ նիստը նշանակելիս ցուցաբերել է շտապողականություն եւ թույլ տվել խախտումներ։ Վարդազարյանն ու Օրբելյանը պնդել են, որ կարգապահական վարույթ հարուցելը քաղաքական դրդապատճառներ ունի։ Նպատակը՝ Վարդազարյանին ԲԴԽ նախագահի պաշտոնից հեռացնելն է։

Նշենք՝ Օրբելյանը նաեւ պատմել է, որ նիստն անցել է առանց Վարդազարյանի եւ իր ներկայության, չնայած, որ ինքը միջնորդել էր այն հետաձգել։  Փաստաբանը հայտնել է նաեւ, որ իրենք դիմել են դատական դեպարտամենտին՝ պարզելու, թե երբ են գործի նյութերը տրվել խորհրդի անդամներին, որպեսզի հասկանան՝ արդյո՞ք պահպանվել է սահմանված կարգը, համաձայն որի՝ գործի ամբողջ նյութերը ԲԴԽ անդամներին պետք է տրվեր նիստից 10 օր շուտ, ինչը օբյեկտիվորեն չէր կարող լինել այս դեպքում, քանի որ փաստաբանի դիմումները մուտք են եղել հունիսի 14-ին։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի եւ փաստաբան Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։ Ըստ այդ ձայնագրության՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին՝ հրաժարական ներկայացնել ԲԴԽ նախագահի պաշտոնից։ Նշենք, որ զրույցը տեղի է ունեցել նախորդ տարի։

Աղմկահարույց ձայնագրությունը Դատախազությունն ուղարկել է Քննչական կոմիտե։ Այսօր հայտնի դարձավ, որ այդ դեպքի առնչությամբ Վարդազարյանը հրավիրվել է ՔԿ՝ բացատրություն տալու։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր