211652_close_icon
views-count1387 դիտում article-date 10:37 23-06-2022

Ո՞վ կասի՝ «եկեք թարգենք»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ամերիկացի քաղաքագետ Սեմյուել Հանթինգթոնը գրում է, որ 1990-ականներին իր երկրի քաղաքական վերնախավը տարակուսանքի մեջ էր. գլխավոր գաղափարախոսական հակառակորդը՝ ԽՍՀՄ-ը, այլեւս չկար, եւ առանց դրա նկատմամբ թշնամանքի, կարծես թե, անհնարին էր ամրապնդել ազգային ինքնությունը: Կար, իհարկե, Չինաստանը, որը հիմա ԱՄՆ-ի հիմնական մրցակիցն է: Բայց այդ երկիրը չի հավակնում ամբողջ աշխարհով մեկ կոմունիստական կամ որեւէ այլ տեսակի գաղափարներ տարածել: Հետեւաբար, Չինաստանից՝ ամերիկացիներին համախմբող թշնամու կերպար սարքելը չի ստացվում:

Իսկ հնարավո՞ր է արդյոք ապրել առանց այդ կերպարի թե՛ ներքին եւ թե՛ արտաքին ոլորտներում: Ինձ թվում է, հնարավոր է, եթե դու քո հասարակությանն առաջարկում ես ինչ-որ դրական հեռանկար, որտեղ չկան «մա՛հ սրանց» կամ «կորչե՛ն նրանք» կարգախոսները:

Հայաստանում այդ տեսակի «խաղաղ» ժամանակաշրջանները քիչ էին, թերեւս, կարելի է նշել 1991-92 թվականները՝ մինչեւ ՀՀՇ-ՀՅԴ հակամարտության սկիզբը: Ես փոքր-ինչ զարմանում եմ, երբ իմ դաշնակցական բարեկամները եւ Քոչարյանի մյուս կողմնակիցները բողոքում են նախկինների հանդեպ թշնամանքի եւ ատելության մթնոլորտից: Որովհետեւ 1998 թվականի իշխանափոխությունից հետո մենք ունեինք ճիշտ նույնպիսի մթնոլորտ, երբ պետական քաղաքականությունը հիմնված էր «թալանչի հհշ-ականների» հանդեպ հիստերիկ կրքեր բորբոքելու վրա: Իշխանության եկած նախկին հետապնդվողները կամ նրանք, ովքեր իրենց այդպիսին էին համարում, վրեժ էին լուծում իրենց հետապնդողներից: Այնպես որ՝ ՔՊ-ականների ներկայիս կեցվածքի հեղինակային իրավունքը իրենցը չի:

Բայց ուզում եմ ընթերցողների ուշադրությունը հրավիրել այն ժամանակահատվածի վրա, երբ առաջարկվել էր հայաստանցիների քաղաքական-պետական ինքնությունը կերտելու այլընտրանքային տարբերակ: Խոսքը 1999 թվականին ստեղծված «Միասնություն» դաշինքի մասին է, որը ղեկավարում էին Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը: Նրանց հիմնական գաղափարն էր՝ եկեք վերանանք անպտուղ ներքին հակամարտություններից, անցյալի վրա գիծ քաշենք եւ գնանք առաջ: Հիշո՞ւմ եք Վազգեն Սարգսյանի խոսքերը՝ «դառնամ եւ փառաբանիմ» 1-ին, 2-րդ եւ 3-րդ հանրապետությունների ստեղծողներին, այսինքն՝ դաշնակցականներին, կոմունիստներին եւ ՀՀՇ-ականներին, ինչպես նաեւ «Վանոն, Լեւոնը, Ռոբերտը, Սերժը իմ ընկերներն են»:

Չէի ասի, որ Կ. Դեմիրճյանն ու Վ. Սարգսյանը «իմ սրտի» քաղաքական գործիչներն էին, եւ այն, ինչ նրանք մտածել էին, անպայման իրականություն կդառնար: Խոսքը գաղափարի, սկզբունքի մասին է, պետական մոտեցման, երբ համախմբման հիմքում դրված չի թշնամու կերպարը: Պարզ է, որ այդ համախմբումը չի կարող դուր գալ այն քաղաքական խաղացողներին, որոնք Հայաստանն ուզում են տեսնել թույլ եւ տարբեր ուժային կենտրոններից կախված: 

Եթե մեր երկրում շարունակեն եղանակ ստեղծել իրար փոխարինող եւ մշտապես իրարից վրեժ լուծող ուժեր, կլինի այնպես, ինչպես հիմա է, եւ ավելի վատ: Իսկ երկրի համար առաջխաղացման հնարավորություն կստեղծի մեկը, որը կասի «եկեք թարգենք», բայց այն պայմանով, որ հասարակության ակտիվ մասը նրան կաջակցի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր