211652_close_icon
views-count462 դիտում article-date 16:55 21-06-2022

ՀՀ ԳԱԱ-ում ներկայացվել է ԵԳԱԾ-ի շրջանակներում իրականացվող «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագիր»-ը

Հունիսի 20-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում՝ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) շրջանակներում իրականացվող «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» մրցույթի վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցեցին ԵԳԱԾ-ի մասնագիտական փորձագիտական խորհրդի անդամներ Հայկ Զաքարյանը,  Ռոբերտ Հակոբյանը, Մաքսիմ Սարգսյանը, ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտներից, Երևանի պետական համալսարանից և այլ ուսումնական, գիտական հաստատություններից:
 
Ծրագրի ընդհանուր բյուջեն 28 միլիոն ՀՀ դրամ է, յուրաքանչյուր դրամաշնորհը՝ 3-5 միլիոն ՀՀ դրամ։ Վերապատրաստման ժամկետը 1-6 ամիս է։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 30-ն է:
 
«Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» նպատակն է ծանոթացնել ուսանողներին արտասահմանյան առաջատար գիտահետազոտական կազմակերպություններում և լաբորատորիաներում գիտական աշխատանք կատարելու մշակույթին, խթանել և մոտիվացնել բարձր որակի աշխատանք կատարած ուսանողներին շարունակել գիտական ուղին, զարգացնել գիտաշխատողների, թեկնածուների մասնագիտական հմտությունները, բարձրացնել գիտահետազոտական աշխատանքների և գիտական հոդվածների որակը, ստեղծել կամ ամրապնդել միջազգային համագործակցությունները:
 
Ծրագրի մրցույթին դիմելու կարգը ներկայացրեց ԵԳԱԾ-ի մասնագիտական փորձագիտական խորհրդի անդամ Հայկ Զաքարյանը: «Այս ծրագրով գիտական ուղղությունների սահմանափակում չկա: Դիմորդ կարող են հանդիսանալ Հայաստանի և Արցախի ԲՈՒՀ-երի, գիտական կազմակերպությունների մագիստրոսները, ասպիրանտները, գիտական աստիճան չունեցող գիտաշխատողները, ինչպես նաև գիտության թեկնածու հանդիսացող երիտասարդ գիտնականները: Մրցույթին մասնակցելու համար դիմորդը պետք է ներկայացնի հրավեր նամակ: Հրավիրող կողմ կարող է հանդիսանալ արտասահմանյան գիտահետազոտական կազմակերպությունում աշխատող և գիտական աստիճան ունեցող գիտնական, որի Հիրշի ինդեքսն (h-index) ըստ «Scopus» շտեմարանի տվյալների պետք է լինի առնվազն 3։
 
Գնահատումն իրականացվելու է ԵԳԱԾ-ի մասնագիտական փորձագիտական խորհրդի կողմից՝ մինչև հուլիսի 20-ը: Հիմնականում գնահատվելու են մոտիվացիոն նամակը և վերապատրաստման ծրագիրը, որոնք պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով: Որոշակի առավելություն կտրվի հասարակագիտական թեմաներով հայտերին և համաֆինանսավորում ունեցող հայտերին», - ասաց Հայկ Զաքարյանը:
 
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, դիմելով երիտասարդ գիտնականներին, նշեց. «Միջազգային համագործակցության որակական աճը, մեր տեսանելիության բարձրացումն աշխարհում այսօր ազգային անվտանգության խնդիր է, առաջին հերթին՝ հումանիտար ոլորտում: Ես առաջարկում եմ ձեզ մեկ կարգով բարձրացնել ձեր ակտիվությունը բոլոր ուղղություններով՝ և՛ գիտական, և՛ հասարակական, երիտասարդական շարժումներում: Հիշեք, որ մենք ապրում ենք տեխնոլոգիաների դարում, որի կենտրոնում գիտությունն է, և այսօր ձեր՝ գիտնականների գործելու ժամանակն է»:
 

Նմանատիպ նյութեր