Փարիզյան խաղերը լինեն տպավորիչ, եզակի ու տարբերվող
<< Փարիզ – 2024 >> օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգոն հարցազրույցներից մեկում ասել է, որ անհամբերությամբ են սպասում օլիմպիական խաղերի մեկնարկին:
Նպատակ կա ստեղծել այնպիսի ժառանգություն, որը դրական կանդրադառնա ֆրանսիական հասարակության բոլոր շերտերի վրա: Դրա շնորհիվ ֆիզկուլտուրան առավել հասանելի կլինի բնակչությանը: Սպորտը պետք է դիտարժան լինի, լինի ամենուր և ոչ միայն մարզադաշտում:
Ամեն ինչ սկսվել է Ֆրանսիայի աղքատ համարվող արվարձաններից մեկում՝ Սեն-Դենիում , << Փարիզ – 2024 >> -ի գլխավոր գրասենյակի ընտրությունից: Օլիմպիական խաղերից ստացած ժառանգությունը պետք է օգնի տեղի համայնքին: Այնտեղ նախատեսված են կրթական, աշխատանքի տեղավորման, մրցույթների, տեղական բիզնեսին ներգրավելու ծրագրեր։
Սեն-Դենիում աշխատողների երկու երրորդը տեղացիներ են: Ենթադրվում է, որ կամավորական ծրագրերը տեղի բնակիչների համար նոր հնարավորություններ կընձեռեն:
Կարևոր է, որ 2024 –ի ամառային մարզահանդեսը միավորի աշխարհը, ոգեշնչի, դրական պահեր պարգևի մարզասերներին:
Առաջին անգամ օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա ոչ թե մարզադաշտում, այլ Սենա գետի վրա։
Ամեն բան արվում է , որ փարիզյան խաղերը լինեն տպավորիչ, եզակի ու տարբերվող:
Առաջին անգամ խաղերին կմասնակցեն հավասար թվով կին և տղամարդ մարզիկներ: Առաջին անգամ նաև նույն պատկերանշանը կօգտագործվի օլիմպիական և պարալիմպիկ խաղերի համար: Ի դեպ, տարբերանշանը բովանդակում է Ֆրանսիան և սպորտը միավորող երեք պատկեր. ոսկե մեդալ, երկու կրակ՝ օլիմպիական և պարալիմպիկ և Մարիաննան՝ Ֆրանսիայի հանրապետության խորհրդանիշը ։
Հ. Գ. Թոնի Էստանգոն թիավարությունից չորս օլիմպիական խաղերի մասնակից է, օլիմպիական եռակի (2000, 2004, 2012) և աշխարհի հնգակի չեմպիոն, ՄՕԿ-ի անդամ է 2013 թվականից:
2024թ. 33 –րդ ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, իսկ պարալիմպիկը՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը: