211652_close_icon
views-count962 դիտում article-date 15:13 16-06-2022

ՀՀ ԲԴԽ-ի և Շվեդիայի Ազգային դատարանների վարչության միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Այսօր՝ հունիսի 16-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում Խորհրդի դատավոր անդամ Անի Մխիթարյանը և Շվեդիայի Ազգային դատարանների վարչության միջազգային կապերի բաժնի ղեկավար, Ստոկհոլմի վերաքննիչ դատարանի դատավոր Յոնաս Հոգստրոմը ստորագրել են համագործակցության հուշագիր:

Հուշագրի նպատակն է նպաստել դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, դատավորների շրջանում էթիկայի, հակակոռուպցիոն և բարեվարքությանն առնչվող հարցերի շուրջ գիտելիքների ամրապնդմանը, լրատվամիջոցների հետ ակտիվորեն հաղորդակցվելու կարողությունների զարգացմանը և ՀՀ-ում արդարադատության մատչելիության և արդյունավետության ամրապնդմանը:

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը ողջունել է հյուրերին և նշել, որ Խորհուրդը կարևորում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը. «Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ անում է, որ դատավորների թեկնածուների մրցույթները, կարգապահական վարույթների քննությունները լինեն բաց և թափանցիկ, որպեսզի հանրության յուրաքանչյուր ներկայացուցիչ իրեն մասնակից զգա այդ պրոցեսներին։ Այստեղ շատ կարևոր է, սակայն, որ ոչ միայն Խորհրդի գործունեությունը լինի թափանցիկ, այլ նաև դատավորների կողմից կայացված ակտերը լինեն հանրության համար մատչելի, ընկալելի: Մենք շատ ենք ցանկանում, որպեսզի մեր քաղաքացիները կասկածներ կամ անվստահություն չունենան թե՛ դատավորների, թե՛ նրանց կայացրած ակտերի արդարության, պատճառաբանվածության վերաբերյալ: Այդ տեսանկյունից շատ կարևոր եմ համարում այս ծրագրի իրագործումը»:

Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» երկարամյա ծրագրի շրջանակում Շվեդիայի Ազգային դատարանների վարչության ներկայացուցիչները կսկսեն վերապատրաստումների ծրագիր, որն ընդգրկելու է թե՛ գործող դատավորներին, թե՛ դատավորների թեկնածուներին, և թե՛ լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

 

Նմանատիպ նյութեր