211652_close_icon
views-count2002 դիտում article-date 13:17 28-05-2022

«Սասնա ծռեր»-ի անդամների նկատմամբ դատավճիռները մտել են ուժի մեջ. իրավապահները նրանց տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ

Ոստիկանության պետական պահպանության ծառայության գունդը 2016 թվականին գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների դատավճիռներն ուժի մեջ են մտել. խմբի դատապարտված  անդամներին մայիսի 28-ին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ոստիկանությունից՝ անդրադառնալով մամուլում տարածված լուրերին՝ խմբի անդամներին բերման ենթարկելու մասին: «Ուժի մեջ են մտել դատավճիռները, և նրանք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ»,- ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ 

Վաղ առավոտից մամուլում լուրեր էին տարածվել, որ իրավապահները խմբի անդամներին բերման են ենթարկել։ 

«Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրոհել էր ՊՊԾ շենքը` պահանջելով, որ գործող իշխանությունը հրաժարական տա (նախագահը Սերժ Սարգսյանն էր), իսկ իրենց առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն ազատվի բանտից։ Զինված խմբի գործողությունների հետևանքով սպանվել էին 3 ոստիկաններ` Արթուր Վանոյանը, Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը։

Դեռևս 2021 թվականի փետրվարի 24-ին ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակել էր դատավճիռը, համաձայն օրի` Պավել Մանուկյանն ազատազրկման էր դատապարտվել 10 տարի ժամկետով (հաշվի էր առնվել 2 տարի կալանքի տակ մնալը, և վերջնական պատիժ էր սահմանվել 7 տարի ազատազրկումը), Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամսով, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամսով, Վարուժան Ավետիսյանը՝ 9 տարի 6 ամիս ժամկետով, որից հանվել էր 2 տարի կալանքի տակ մնալը, և վերջնական պատիժ էր սահմանվել 7 տարի 4 ամիս ժամկետը, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարի ժամկետով, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս, Էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանը՝ 7 տարի 6 ամիս ժամկետով։

Դատավճռի հրապարակումից հետո խմբի անդամների մեծ մասի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացվել էր։ Դատական վճիռների բողոքարկման` ավելի քան 1 տարի տևած ժամանակահատվածը խմբի անդամներն անցկացրել են ազատության մեջ։

Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումները։ Իսկ վճռաբեկ դատարանը մերժել էր գործը վարույթ ընդունել։

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված տեղեկանքի համաձայն` «Սասնա ծռերի» 41–հատորանոց գործը երեկ` մայիսի 27-ին, հանձնվել է արխիվ։

Նմանատիպ նյութեր