Այսօր կլրանար հայկական ֆուտբոլի երախտավոր Էդվարդ Գրիգորյանի 93-ամյակը
1929 թվականի մայիսի 25-ին է ծնվել հայկական ֆուտբոլի երախտավոր, Հանրապետական ֆուտբոլի մասնագիտացված դպրոցի հիմնադիր Էդվարդ Գրիգորյանը։
«Հենց նրա ջանքերի ու նվիրումի շնորհիվ է դրվել այն հրաշալի մարզաբազայի հիմքը, որն այսօր պատկանում է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբին, և որտեղ մարզվում են ավելի քան 1200 երեխաներ, որոնք, ժամանակի ընթացքում համալրելով Հայաստանի ազգային, ինչպես նաև տարբեր տարիքային հավաքականները, փորձում են բարձր պահել հայկական ֆուտբոլի պատիվը»,- ասվում է «Ուրարտուի» տարածած հաղորդագրության մեջ։
2021 թվականի սեպտեմբերի 7-ին «Ուրարտու» մարզահամալիրում կայացել է արձանախմբի բացման հանդիսավոր արարողություն։ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Սիմոն Իսրայելյանի, «Արարատ-73»-ի լեգենդներ Արկադի Անդրիասյանի և Հովհաննես Զանազանյանի կողքին տեղադրվել է նաև Էդվարդ Գրիգորյանին կիսանդրին։