211652_close_icon
views-count803 դիտում article-date 16:46 24-05-2022

Նոր նախագծով մաքսային ծառայությունների մատուցման հարցում բիզնես միջավայրը կբարելավվի

Կառավարությունն առաջարկում է «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող ապրանքների համար Հարկային օրենսգրքով սահմանել ԱԱՀ-ի, ակցիզային եւ բնապահպանական հարկերի գումարների վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորություն: Հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումներն ԱԺ մայիսի 24-ի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Նա պարզաբանել է, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված է մաքսատուրքերի եւ հարկերի հետաձգման կամ տարաժամկետման հնարավորություն: Հարկերի մասով այդ կարգավորումների սահմանումը վերապահված է անդամ յուրաքանչյուր պետության ազգային օրենսդրությանը, մինչդեռ մեր Հարկային օրենսգրքով նման կարգավորումներ սահմանված չեն: Մաքսատուրքերի եւ հարկերի հետաձգումը կամ տարաժամկետումը տրամադրվելու է տոկոսներ վճարելու պայմանով: Տոկոսները հաշվարկվելու են վերաֆինանսավորման տոկոսի 1/360-րդի չափով:

Առաջարկվում է փոփոխել վերոնշյալ հարկերի վճարման ժամկետները: Դրանք կսահմանվեն տարաժամկետման կամ հետաձգման այն ժամկետով, որը կտրամադրի մաքսային մարմինը՝ ներմուծողի ներկայացրած դիմումի հիման վրա:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն. նշել է հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը: Ըստ նրա՝ նախագիծը միտված է մաքսային ծառայությունների մատուցման հարցում բարելավելու բիզնես միջավայրը, կանոնակարգելու մաքսային ծառայությունների մատուցման գործընթացը:

Նմանատիպ նյութեր