211652_close_icon
views-count3458 դիտում article-date 00:02 23-05-2022

ԱԱԾ-ն հրաժարվում է վերացնել դատավոր Դավիթ Հարությունյանին գաղտնալսելու արդյունքում կատարված ձայնագրությունները, թեեւ դրանք անթույլատրելի են ճանաչվել. Pastinfo.am

Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արձանագրվել է, որ ԱԱԾ-ի կողմից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումներով՝ գաղտնալսումներով, անօրինական միջամտություն է կատարվել դատավորի՝ սահմանադրությամբ պաշտպանվող իրավունքներին, ձեռք բերված ապացույցները ճանաչվել են անթույլատրելի, բայց ԱԱԾ-ն չի ոչնչացրել։

Հիշեցնենք, որ քրեական գործը, որի շրջանակներում դատավորները գաղտնալսվել են, հարուցվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ անձնական երաշխավորություն կիրառելու մասին դատավոր Դավիթ Գրիգորյանի 2019թ մայիսի 18-ի որոշումից հետո:

Ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը, որը հայտնի է որպես «Վանոյի Արտակ», գրառում էր կատարել, թե այդ որոշումը Դավիթ Գրիգորյանի փոխարեն գրվել է դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու և Արշակ Վարդանյանի կողմից: Մխիթար Պապոյանը հաղորդում էր ներկայացրել իրեն զրպարտելու վերաբերյալ, որի հիման վրա ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 344-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` դատավորին զրպարտելը: ԱԱԾ քննչական դեպարտամենտում շուրջ 2.5 տարի քննվող քրեական գործով դատավորներ Մխիթար Պապոյանը, Արշակ Վարդանյանը և Դավիթ Հարությունյանը տուժող են ճանաչվել, Վազգեն Ռշտունին ու Արման Հովհաննիսյանը՝ հարցաքննվել։

Ընդ որում, թեև քրեական գործը հարուցված է դատավորներին զրպարտելու մասին հաղորդման հիման վրա, օպերատիվ միջոցառումներ իրականացվել են դատավորների նկատմամբ։ Գաղտնալսվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Հարությունյանը, Արման Հովհաննիսյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանը, Արշակ Վարդանյանը, այն ժամանակ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վազգեն Ռշտունին, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը: Դատավոր Հարությունյանն ու Արշակ Վարդանյանը վիճարկել են իրենց նկատմամբ ՕՀՄ-ներ իրականացնելու թույլտվությունները, ինչի արդյունքում արձանագրվել է դատավորների իրավունքների խախտումը, իսկ ՕՀՄ իրականացնելու արդյունքում ձեռք բերված տվյալները ճանաչվել են որպես անթույլատրելի ապացույց, և վարույթն իրականացնող մարմնի հավաստմամբ` հանվել գործից:

Պարզվում է, սակայն, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պայմաններում, ԱԱԾ-ն հրաժարվել է վերացնել ձայնագրությունները, հեռախոսային խոսակցությունների վերծանումները, ինչն էլ դատավոր Դավիթ Հարությունյանը վիճարկել է դատարանում՝ պնդելով, որ իր վերաբերյալ տեղեկությունները չեն կարող հասանելի դառնալ երրորդ անձանց։ Բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննել է դատավոր Վաչե Մարգարյանը, ընդ որում, դռնփակ ռեժիմով, թեև նման գործերը դռնփակ, սովորաբար, չեն քննվում։

Դատավոր Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչ, փաստաբան Միքայել Շխիմյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատարանը մերժել է բողոքը, ընդ որում, դատարանի որոշման մասին բողոքաբեր կողմն իմացել է դժվարությամբ, քանի որ տևական ժամանակ դատարանի աշխատակազմի հետ կապ հաստատել չի հաջողվել։ Դատարանի որոշման մասին իմացել են միայն երեկ, թեեւ որոշումը կայացվել է ավելի վաղ։

Նմանատիպ նյութեր