211652_close_icon
views-count2035 դիտում article-date 18:34 20-05-2022

Անձնագիր ձեռք բերելիս կամ փոխելիս անձի նույնականացման գործիքակազմը բարելավման կարիք ունի. ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է հղել ՀՀ ոստիկանապետին

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ն. Խ.-ն, հանդիսանալով ՀՀ քաղաքացի և լինելով ՌԴ-ում քննվող քրեական գործով հետախուզման մեջ, Վրաստանում աշխատանք փնտրելու, այնտեղից Գերմանիայի Դաշնություն մեկնելու նպատակով, օգտվելով քրոջը՝ 2013թ.-ից ՌԴ-ում մշտապես բնակվող, ՀՀ և ՌԴ քաղաքացի հանդիսացող Դ. Շ.-ին արտաքնապես նման լինելու հանգամանքից, 2021թ. նոյեմբերին ՀՀ ոստիկանության ԱՎՎ Մասիսի անձնագրային բաժանմունքում հանդես է եկել վերջինիս տվյալներով և ներկայացրել իրականությանը չհամապատասխանող՝ Դ. Շ.-ի անձնագրի կորստյան մասին դիմում:

Դ. Շ.-ի փոխարեն նա նաև ներկայացրել է իր լուսանկարները՝ խնդրելով հաշվառել իր ընկերուհու՝ Լ. Ամարովային պատկանող՝ Արարատի մարզի Նորամարգ գյուղի համապատասխան հասցեում՝ որպես իր փաստացի բնակության վայր: Այնուհետև, անձի փաստացի բնակության վայրը ստուգելու նպատակով 2021թ. նոյեմբերի 10-ին վերոհիշյալ հասցե այցելած համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչին Ն. Խ.-ն դարձյալ ներկայացել է որպես Դ.Շ. և ստորագրել վերջինիս տվյալներով կազմված համապատասխան արձանագրությունում։ Դրանից հետո, ոստիկանության ծառայողը կազմված արձանագրության հիման վրա նախապատրաստել և ՀՀ ոստիկանության ԱՎՎ Մասիսի անձնագրային բաժանմունք է ներկայացրել գրություն, որով հաստատվել է նշված հասցեն որպես Դ. Շ.-ի փաստացի բնակության վայր հանդիսանալու հանգամանքը։ Վերոհիշյալ գործողությունների արդյունքում 2021թ. դեկտեմբերի 1-ին Ն. Խ.-ն ստացել է իր լուսանկարով և ստորագրությամբ, սակայն Դ.Շ.-ի անձնական տվյալներով ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիր, որը ավելի ուշ «Բագրատաշեն սահմանային անցակետի աշխատակիցներին ներկայացնելով փորձել է ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը:

Սակայն անցակետի աշխատակցի ստուգման արդյունքում անձնագրի կեղծ լինելու հանգամանքը բացահայտվել է և արգելվել է նրա ելքը ՀՀ-ից։ Ն. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով /3 դրվագ/ և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով, և 2022թ. ապրիլի 1-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Քրեական գործով հիմնավորվել է, որ Ն. Խ.-ն նախապես պարզել է, թե ոստիկանության որ տեսուչն է սպասարկում Նորամարգ համայնքը, զանգահարել է վերջինիս և, հանդիպելով նրան, հայտնել Նորամարգ համայնքի համապատասխան տանը հաշվառվելու իր ցանկությունը: Դրանից հետո տեսուչն այցելել է հիշյալ հասցե և կազմել արձանագրություն այն մասին, որ Ն.Խ.-ն բնակվում է այդ տանը:

Արձանագրության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բացի շահագրգիռ անձի կողմից հայտնած բանավոր տվյալներից, այն չի պարունակել անձի հայտնած տեղեկությունները հաստատող որևէ օբյեկտիվ փաստական տվյալ: Համայնքային տեսուչը Նորամարգ համայնքի նշված տանը Ն. Խ.-ի փաստացի բնակվելու հանգամանքն ստուգելիս բավարարվել է բացառապես վերջինիս հայտարարությունով և որևէ այլ միջոց չի ձեռնարկել, ինչպես, օրինակ, սեփականատիրոջից իր տանը բնակվելու վերաբերյալ համաձայնություն ստանալը, հարևաններից ճշտող հարցումներ կատարելը, «ՍԷԿՏ» համակարգում ստուգում իրականացնելը և այլն: Այսինքն բավարար գործիքակազմ չկիրառելը և ձևական միջոցառումները նպաստել են հետագայում կեղծ անձնագրի պատրաստմանը և այն օգտագործելով պետական սահմանն ապօրինի հատելու փորձի կատարմանը:

Նշվածը եզակի դեպք չէ: Մասնավորապես, ԱԱԾ-ում քննվող մեկ այլ քրեական գործով հիմնավորվել է, որ անձը ՀՀ ՊՆ Արաբկիրի զինվորական կոմիսարիատում ներկայանալով դասընկերոջ տվյալներով, 2014թ. հուլիսին ձեռք է բերել վերջինիս ՀՀ զինված ուժերում ծառայած լինելու վերաբերյալ տեղեկանք, ապա անձնագիր ստանալու համար նրա անունից դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Դրանց հիման վրա Մ. Ա.-ն անձնագրավորվել է, ստացել իր լուսանկարով, սակայն Գ. Վ.-ի կենսորոշիչ տվյալներով լրացված ակնհայտ կեղծ նույնականացման քարտ, ստացել ՀՀ ԶՈՒ-ում ծառայած լինելու վերաբերյալ տեղեկանք, ապա նաև իր լուսանկարով, սակայն Գ. Վ.-ի կոնսորոշիչ տվյալներով լրացված ակնհայտ կեղծ կենսաչափական անձնագիրը, որով նա 2014-2016թթ. 7 անգամ հատել է ՀՀ պետական սահմանը: 2022թ. մարտի 3-ին այս քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Քրեական գործերի նյութերի վերլուծությունը վկայում է, որ անձնագիր ձեռք բերելու կամ որևէ հիմքով այն փոխանակելու պարագայում անձի նույնացման, հայտնած տվյալների իսկությունը ստուգելու չափորոշիչները լիարժեք կարգավորված չեն համապատասխան իրավական ակտերով: Այդ պատճառով շահագրգիռ անձանց հայտնած տվյալների ստուգումը շատ դեպքերում կրում է ձևական բնույթ՝ նպաստող պայման դառնալով հանցավոր գործունեության համար:

Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանը միջնոդրագիր է հղել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին՝ անձնագիր ձեռք բերելու կամ որևէ հիմքով այն փոխանակելու պարագայում տվյալ անձի նույնացումն ապահովող արդյունավետ չափանիշներ և անհրաժեշտ գործիքակազմ սահմանելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու, ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայություններում նմանատիպ դրսևորումները հետագայում բացառելու նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազության
 հանրային կապերի բաժին

Նմանատիպ նյութեր