Բռնցքամարտի Եվրոպայի հայ չեմպիոնների ցանկը կարող է համալրվել
Երևանում մայիսի 21 –ին կսկսվի Եվրոպայի բռնցքամարտի հերթական առաջնությունը: Մեր երկրում առաջին անգամ է տեղի ունենում նման խոշոր ստուգատես: Հաջողության հասնելու նպատակով, հայ մարզասերներին հուսախաբ չանելու համար, նախապատրաստական լուրջ աշխատանքներ է կատարում տանտերերի հավաքականը:
Գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ կաշվե ձեռնոցի հայ վարպետները ուսումնամարզական վերջին հավաքն են շարունակում Օլիմպավանում: Տղաները զուսպ են և անտրտունջ կատարում են մարզիչների հրահանգները:
Խոսուն փաստերը վկայում են, որ Հայաստանի տասնյակ բռնցքամարտիկներ են դարձել հաղթող և մրցանակակիր, իսկ 11 մարզիկ 16 անգամ Եվրոպայում արժանացել է ուժեղագույնի կոչմանը:
Ընդհանուր համապատկերում առանձնանում է մեր հանճարեղ չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը: Անմոռանալի են նրա հաղթանակները, որոնց շնորհիվ մեծ վարպետին կոչել են սիրողական բռնցքամարտում համաշխարհային հեղափոխական: Պատահական չէ, որ նա օլիմպիական խաղերի հայաստանցի միակ օլիմպիական չեմպիոնն է: Ենգիբարյանը նաև հին աշխարհամասի հայաստանցի առաջին ոսկե դափնեկիրն է:
Ներկայացնենք մեր չեմպիոնների ցանկը.
Վլադիմիր Ենգիբարյան, եռակի չեմպիոն / 1955թ., 1957թ., 1959թ./
Ալբերտ Նիկոլյան / 1979թ./
Սամսոն խաչատրյան / 1985թ. /
Իսրայել Հակոբկոխյան, եռակի չեմպիոն / 1985թ., 1989թ., 1991թ. /
Նշան Մունչյան / 1987թ. /
Մեխակ Ղազարյան / 1987թ. /
Հովհաննես Դանիելյան / 2008թ. /
Էդվարդ Համաբարձումյան / 2008թ. /
Հրաչիկ Ջավախյան / 2010թ. /
Հովհաննես Բաչկով, կրկնակի չեմպիոն / 2017թ., 2019թ. /
Արթուր Հովհաննիսյան / 2019թ./
Հուսանք, որ երևանյան ստուգատեսը կհարստացնի չեմպիոնական ցանկը: