211652_close_icon
views-count106770 դիտում article-date 19:53 08-05-2022

ԱԻՆ նախարարի կարգադրությամբ, փրկարար-ծառայության տնօրենի գլխավորությամբ Սևանա լճում շարունակվել են 2 կորած քաղաքացիների որոնումները. ներգրավված են 18 փրկարար. ջրասուզակն էլ 30 մետր խորությամբ զննել է լճի հատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 8-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի կարգադրությամբ, ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, Գեղարքունիքի մարզում շարունակվել են 2 քաղաքացիների որոնողական աշխատանքները Սևանա լճում:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքները վերսկսվել են առավոտյան ժամը 07:00-ին և այն ղեկավարում են ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանն ու վարչության պետի տեղակալ Գարեգին Հակոբյանը:
 
Որոնողական աշխատանքներին այսօր դարձյալ միացել են 18 հրշեջ-փրկարար. ինչպես Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունից, այնպես էլ՝ Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից:
 
Առաջին օրվանից որոնողական աշխատանքներին ներգրավված են նաև Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները՝ հրամանատար Արմեն Ճզմաչյանի գլխավորությամբ:
 
Ենթադրյալ այն վայրից, որտեղից Վարդենիկ գյուղի բնակիչներ, 21-ամյա Իշխան Աբրոյանն և 53-ամյա Ավետիք Սևոյանը նավակով դուրս են եկել Սևանա լճի վրա, այդ վայրից մոտ 3 կիլոմետր դեպի լիճ շարունակվել են որոնողական աշխատանքները:
 
Հրշեջ-փրկարարների, ջրասուզակների, ոստիկանության Մարտունբու բաժնի ծառայողներին օգնում են նաև մի քանի գյուղերի, այդ թվում՝ Նորատուս, Վարդենիկ, Զոլաքար, Մարտունի քաղաքի ավագ և երիտասարդ սերնդի տղամարդիկ, ովքեր իրենց մոտորանավակներով նույն վայրում հետախուզա-որոնողական աշխատանքներ են կատարում:
 
Երկար տարիներ ջրասուզակ աշխատող Վահե Մելքոնյանը այսօր նույնպես 2 անգամ մոտ 30 մետր խորությամբ սուզվեց կասկածելի վայրում, մինչ այդ էլ հրշեջ-փրկարարներն ու ջրափրկարարները հատուկ տեխնիկայով ջրի հատակն էին զննում:
 
Որոնողական աշխատանքները, ցավոք, այսօր նույնպես արդյունք չտվեցին, իսկ եղանակի վատթարացման պատճառով, ժամը 19:00-ին որոնողական աշխատանքները դադարեցվեցին:
 
Տեղում ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանի կարգադրությամբ ծառայություն էին կատարում նաև ոստիկանության Մարտունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի, բաժնի պետի տեղակալ Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ:
 
Որոնողական աշխատանքները կվերսկսվեն վաղը՝ առավոտյան:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ՝ մայիսի 7-ին, առավոտյան ժամը 07:00-ից Արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները՝ հրամանատար Արմեն Ճզմաչյանի գլխավորությամբ՝ մոտորանավակներով, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողներն ու մեծ թվով գյուղացիներ շարունակել էին Սևանա լճում իրականացնել 2 քաղաքացու որոնողական աշխատանքներ:
 
Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 6-ին, ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ էր ստացվել, որ 16:00-ի սահմաններում, Վարդենիկ գյուղի բնակիչներ, 21-ամյա Իշխան Աբրոյանն ու 53-ամյա Ավետիք Սևոյանը, Վարդենիկ-Զոլաքար բնակավայրերի հատվածից, նավակով դուրս էին եկել Սևանա լճի վրա և որոշ ժամանակ անց նրանց մասին որևէ տեղեկություն չկա:
 
Մինչ կժամանեին փրկարարները, ջրասուզակներն ու ոստիկանները, քաղաքացիներն իրենց ուժերով կատարել էին որոնողական աշխատանքներ, սակայն նրանց հայտնաբերելու ուղղությամբ ոչ մի դրական արդյունք չի եղել:
 
Պարզվել է, որ նրանք Վարդենիկ գյուղի լճափնյա հատվածից երկաթյա մոտորանավակով՝ ձուկ որսալու նպատակով, դուրս են եկել Սևանա լճի վրա և անհայտ կորել են:
 
Երեկ՝ ժամը 20:00-ի սահմաններում, եղանակի վատթարացման պատճառով, որոնողական աշխատանքները դադարեցվել էին: Այն վերսկսվելու էր այսօր՝ առավոտյան:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, որոնողական աշխատանքներին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի կարգադրությամբ հետևում է Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 508+
508+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր