211652_close_icon
views-count5138 դիտում article-date 23:44 07-05-2022

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է գրավոր դիմել Հայաստանի առաջին, երկրորդ եւ երրորդ, Արցախի գործող և երկրորդ ու երրորդ նախագահներին. Վահրամ Աթանեսյան

Մեկ անգամ էլ եմ գրել, կրկնում եմ․ վարչապետի աթոռին նստելու առաջին իսկ րոպեներին Նիկոլ Փաշինյանը պետք է հրավիրեր արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարին, ԱԱԾ տնօրենին եւ հանձնարարեր, որ մեկշաբաթյա ժամկետում հանգամանալի գրավոր զեկույց-վերլուծություն ներկայացնեն բանակցային գործընթացի, բանակի մարտունակության եւ սպառազինավածության, հանդերձավորման, պարենավորման, տեխնիկա-տնտեսական մատակարարման, զորահավաքային եւ այլ ռեսուրսների մասին՝ թշնամական կողմի մասին ունեցած հետախուզական տեղեկությունների համեմատությամբ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը:

«Չի արել։ Չի հասկացել իրավիճակի լրջությունը։ Չգիտեմ, չեմ կարող ասել, թե ինչու՞ է շտապ ընդունել ԱԳ եւ Պնախարարի հրաժարականը կամ ինչու է նրանց իր հայեցողությամբ պաշտոնազրկել։


Այսօր Նիկոլ Փաշինյանը պարտավոր է գրավոր դիմել Հայաստանի առաջին, երկրորդ եւ երրորդ, Արցախի գործող եւ երկրորդ ու երրորդ նախագահներին՝ խնդրելով գրավոր ներկայացնել ստեղծված իրավիճակից դիվանագիտական ելքի իրենց պատկերացումները։ Պարտավոր է ձեւավորել պրոֆեսիոնալ փորձագետների, վերլուծաբանների, քաղտեխնոլոգների, տեղեկատվա-քարոզչական ոլորտի մասնագետների աշխատանքային խմբեր, առաջադրել կոնկրետ խնդիրներ։

Պարտավոր է չափավորել ՔՊ խմբակցության որոշ ,,նյուզմեյքեր,, պատգամավորների էքսպանսիան, երկխոսության եզրեր փնտրել ընդդիմության առաջնորդների, հանրային-քաղաքական լայն շրջանակների, Արցախի բոլոր քաղաքական ուժերի, Սփյուռքի ավանդական եւ ոչ ավանդական կառույցների հետ։ Նա ձախողել է պատերազմի ընտրությունը, բայց դատապարտված է հաջողելու խաղաղության օրակարգում։ Որովհետեւ Հայաստանը պիտի մնա անկախ, ինքնիշխան, ամբողջական պետություն, իսկ Արցախը՝ հայկական։

Մենք այլընտրանք չունենք, բացի՝ իրացնել առկա նվազ հնարավորությունները։ Քաղաքական մեկ թիմ այդ ծանրությունն իր ուսերին չի կարող կրել, իսկ ՔՊ-ի դեպքում դա պարզապես հակացուցված է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր