211652_close_icon
views-count1283 դիտում article-date 23:20 04-05-2022

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազմակերպել է համերգ՝ նվիրված անվանի նկարիչ, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի 90-ամյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպել էր համերգ՝ նվիրված անվանի նկարիչ, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի 90-ամյակին։

Հենրիկ Իգիթյանն անջնջելի հետագիծ է թողել հայ կերպարվեստի զարգացման մեջ և հասարակական կյանքում։ Նա դարձավ իր ժամանակի արվեստագետների սերնդի տեսաբանն ու առաջնորդը, նա կոտրեց կերպարվեստագիտության մեջ գոյություն ունեցող մի շարք կարծրատիպեր, պատկերացումներ ձևավորեց արդի նկարչության մասին՝ պաշտպանելով ամեն մի փորձարարություն ու նորարարություն։

1970թ. իր կնոջ՝ Ժաննա Աղամիրյանի հետ Հենրիկ Իգիթյանը հիմնադրել է աշխարհում առաջին մանկական պատկերասրահը՝ մեկտեղելով և ներկայացնելով տաղանդավոր երեխաների ստեղծագործությունները, որոնք ցուցադրվեցին աշխարհի տարբեր երկրներում։ Ավելի ուշ պատկերասրահի գոյությամբ ոգեշնչված՝ Հենրիկ Իգիթյանը հիմնադրեց գեղագիտական դաստիարակության կենտրոն, որն այժմ կոչվում է Գեղագիտության ազգային կենտրոն, և որի մասնաճյուղերը գործում են Հայաստանի տարբեր քաղաքներում։ Իգիթյանը հիմնադրել է ժամանակակից արվեստի թանգարան՝ հաղթահարելով խորհրդային տարիներին բնորոշ դիմադրությունները։

Համերգից առաջ Արամ Խաչատրյան համերգասրահի նախասրահում ներկայացված էին աշխատանքներ Մանկական արվեստի թանգարանի 50-ամյակին նվիրված ցուցահանդեսից։
Հենրիկ Իգիթյանի 90-ամյակին նվիրված երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Անդրեաս Օտտենսամերի ղեկավարությամբ ներկայացրեց Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը և Թիվ 3 սիմֆոնիան։ Որպես մենակատար հանդես եկավ ջութակահար Սերգեյ Դոգադինը։

Անդրեաս Օտտենսամերը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել և՜ որպես մենակատար (վերջինս կլարնետահար է), և՜ որպես դիրիժոր։ Երաժիշտը նշում է, որ երկու պարագայում էլ համագործակցությունն ու կապը նվագախմբի հետ շատ դյուրին է ու հետաքրքիր։ Խոսելով համերգային ծրագրի մասին՝ Անդրեաս Օտտենսամերն ընդգծում է, որ Բրամսի 3-րդ սիմֆոնիան ներկայացնելու առումով բարդագույն ստեղծագործություններից է, և ինքն ուրախ է հաղթահարել այս մարտահրավերը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Իսկ Բրամսի Ջութակի կոնցերտը, ըստ երաժշտի, մեծագույն գլուխգործոց է, որը հայաստանյան ունկնդրի համար հնչեցվեց ջութակահար Սերգեյ Դոգադինի մենակատարմամբ, ում հետ դիրիժորը համագործակցում էր առաջին անգամ։

Օտտենսամերը նկատում է, որ Դոգադինն իր կատարողական արվեստում միաձուլում է ռուսական և այլ դպրոցների լավագույն ավանդույթները։
 
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր