211652_close_icon
views-count1235 դիտում article-date 15:51 05-07-2021

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգ կնվիրի Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2020-2021 hամերգաշրջանի փակման համերգը նվիրված է լինելու մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին։ Համերգը կկայանա հուլիսի 15-ին՝ ժամը 19.30, Արամ Խաչատրյան համերգասրահում։

Համերգային ծրագրում կհնչեն Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը, գոսերի և լարայինների համար գրված սիմֆոնիան (գոսերի մենանվագը՝ Էդուարդ Պապոյանի), կինոերաժշտությունը։

Նշենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, մշտապես աշխատել է Հայաստանում և նրա սահմաններից դուրս հայ կոմպոզիտորների, այդ թվում Էդվարդ Միրզոյանի արվեստը հանրայնացնելու ուղղությամբ։ Մասնավորապես, 2019 թվականին դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, ձայնագրել է Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը։

Հուլիսի 15-ին կայանալիք երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա նաև դաշնակահար Դմիտրի Իշխանովը՝ կատարելով Լյուդվիգ վան Բեթհովենի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը։

Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Երեկոն կկայանա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
 

Նմանատիպ նյութեր