211652_close_icon
views-count1701 դիտում article-date 15:50 26-04-2022

Եվրամիությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս դադարի ժխտել Ցեղասպանությունը. Մուրադ Արթին

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում կա միջազգային ճնշում, սակայն ավելի շատ երկրների կողմից այն ճանաչելու , դատապարտելու համար պետք է մեծ թվով հայեր շարունակեն աշխատել իրենց երկրներում և ուժեղացնել ճնշումը կառավարությունների վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Շվեդիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Մուրադ Արթինը՝ ընդգծելով, որ դա պետք է արվի փաստերի հիման վրա: Նրա խոսքով՝ կարևոր է, որ Սփյուռքի հայերը կապեր հաստատեն մարդու իրավունքների պաշտպանների, հետազոտողների, պատմաբանների և քաղաքական գործիչների հետ՝ ճանաչման և դատապարտման գործընթացը առաջ մղելու համար։

«Թուրքական պետական ապարատի համար ամոթալի է 1915 թվականին բացահայտ տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը ժխտելը: Խոսակցությունը և դիվանագիտությունը կարևոր են, բայց մենք պետք է ավելի լավ ռազմավարություններ գտնենք, քանի որ Ցեղասպանության ճանաչումը վերաբերում է մարդու իրավունքներին: Կարևոր է այլ էթնիկ խմբերի, մարդու իրավունքների պաշտպանների, մարդու իրավունքները հարգող կուսակցությունների, պատմաբանների, հետազոտողների շրջանում դաշնակիցներ փնտրելը առանձին երկրներում միջազգային մակարդակով ճնշում գործադրելու համար։ Մարդու իրավունքները պետք է գերակա լինեն Թուրքիայի հետ առևտրային հարաբերություններից: Եվրամիությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս դադարի ժխտել Ցեղասպանությունը»,-ասաց քաղաքական գործիչը:

Մուրադ Արթինը նշեց, որ այսօր Թուրքիան կառավարող իշխանության պարագայում դժվար կլինի  փաստերի հետ առերեսվելը, բայց Թուրքիայում կան բազմաթիվ ժողովրդավարական ուժեր և հասարակ մարդիկ, ովքեր ցանկանում են հաշտվել իրենց պատմության հետ և ցանկանում են փնտրել ճշմարտություն: Նրա կարծիքով՝ պետք է աշխատանք տանել այդ ուժերի հետ և նրանց աջակցել իշխանության գալու և ժխտողական քաղաքականությունը փոխելու համար։

«Ցեղասպանության ճանաչումը մարդու իրավունքների մի մասն է, որը նաև համընդհանուր է և երբեք չպետք է բանակցությունների առարկա դառնա։ Մենք՝ մարդու իրավունքների մասին հոգ տանողներս, երբեք այս հարցում չպետք է փոխզիջումների գնանք: Մենք պետք է շարունակենք պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Ժողովրդավարական ազատության և իրավունքների համար պայքարը կարևոր է բազմաթիվ երկրների, կազմակերպությունների, քաղաքական գործիչների և հասարակ մարդկանց համար, հետևաբար մենք պետք է միշտ կոչով դիմենք նրանց, անկախ այն հանգամանքից, թե ինչ աշխարհաքաղաքական իրավիճակում ենք»,-ասաց նա։

Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի երկխոսությանը՝ Մուրադ Արթինը նշեց, որ երկրների միջև հարաբերությունների կարգավորումը երբեք չպետք է կանխի մարդու իրավունքների մասին խոսակցությունը, այն երբեք չպետք է խանգարի պատմության ու անցյալի հետ առնչվելուն, հակառակ դեպքում երբեք չի կարելի առաջ գնալ:

«Ես բացարձակապես դեմ չեմ, որ այն երկրները, ինչպիսիք են Հայաստանն ու Թուրքիան, լավ հարաբերություններ ունենան, բայց չի կարելի բանակցել Ցեղասպանության հարցի շուրջ, չի կարելի աչքերը փակել մարդկության դեմ հանցագործության վրա, որ երիտթուրքերը կատարել են հայերի և այլ քրիստոնյաների դեմ։ Լավ է, որ երկրները կարող են մոտենալ, շատ կարևոր է, որ 1915 թվականի հարցը ևս ներառված լինի քննարկումներում: Հակառակ դեպքում այս չլուծված կոնֆլիկտը կշարունակի թեժ մնալ մարդկանց համար: Կարծում եմ, որ Ցեղասպանության ճանաչումը կհեշտացնի բանակցությունները և կազատի թուրք ժողովրդին Էրդողանի՝ պատմությունը ժխտելուց»,-ասաց Արթինը:

Բանաձևերից ու կոչերից զատ ի՞նչ անելիք ունի միջազգային հանրությունը: Մուրադ Արթինի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է ի վիճակի լինի պատժել մարդկության դեմ հանցագործությունները կատարողներին: Ըստ նրա՝ Հաագայի միջազգային դատարանը պետք է կարողանա գործել ազատ և առանց գերտերությունների հավանությունների:

«Հանցագործությունները պետք է հետաքննվեն, քրեական պատասխանատվության ենթարկվեն և պատժվեն՝ անկախ երկրից: Բավարար չեն պատժամիջոցներն ու այն մարդկանց պատժելը, որոնք հանցագործություն են կատարել մարդկության դեմ: Գլոբալիզացիայի մասին խոսելու փոխարեն, ինչը նշանակում է, որ ընկերությունները միավորվում են սահմաններից դուրս, մենք պետք է սկսենք խոսել միջազգայնացման մասին, ինչը նշանակում է, որ բացի ընկերություններից, նաև արհմիություններն ու սոցիալական շարժումները մոտ լինեն»,-հավելեց Մուրադ Արթինը:

Նմանատիպ նյութեր