211652_close_icon
views-count4138 դիտում article-date 11:57 25-04-2022

Շիրակի մարզի Ջարդի ձորում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառումները սկսվել են Սուրբ Յոթ վերք եկեղեցում՝ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված պատարագի մատուցմամբ, ապա Գյումրիի Բագրատունյաց պուրակում տեղադրված «Վերածնունդ» հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհեցին ու Ջարդի /Հերհերի / ձորում հարգանքի տուրք մատուցեցին։

Շատ հուզիչ պատկեր էր եկեղեցում. պատարագին մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներից, հավատավոր քաղաքացիներից բացի, մասնակցում էին նաև մեծ թվով զինվորականներ։

Պատարագը մատուցվեց Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի ներկայությամբ, սակայն ոչ նրա ձեռամբ։ Վաղ առավոտից Շիրակի մարզի Ջաջուռի Հերհերի ձորը, որը հայտնի է նաև Ջարդի ձոր անվամբ, մարդաշատ էր։ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ծաղիկների խոնարհման ու նահատակների հիշատակի խնկարկման են եկել ինչպես Շիրակի ու Լոռու մարզերից, այնպես էլ հանրապետության տարբեր բնակավայրերից։

«Մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործությունները դատապարտելի են բոլոր ժամանակներում։ Նախորդ դարասկզբում հայերի բնաջնջման փորձը ապտակ էր քաղաքակիրթ հանրությանը և ցավով պետք է արձանագրենք, որ նախորդող ժամանակաշրջանի դատապարտումները և բարձրաձայնումները բավարար չէին, դրա համար է, որ մենք այսօր ի լուր աշխարհի պետք է շարունակենք խոսել Հայոց ցեղասպանության մասին, որը հիմք կհանդիսանա հետագա վայրագությունների կանխարգելման համար։ Մենք պետք է կարողանանք հետևողական գործողություններով հասնել պատմական արդարության վերականգնմանը, որովհետև մազապուրծ եղած ժողովրդի համար կարևոր է պատմական արդարությունը և սա է մեր աշխատանքի ուղին, որ հնարավորինս հաճախ և ավելի բարձր ամբիոններից խոսենք այն ոճրագործությունների մասին, որը դրոշմված է մարդկության ճակատին։ Մենք, հայերս կանք և մեր լինելիությունը, մեր գոյության պայքարն անժխտելի է և անպարտելի։ Այսօրվա խորհուրդը թերևս մեկն է, բռունցքվել, միասնական լինել ու դիմակայել աշխարհաքաղաքական մարտահրավերներին»,-նշեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Նրա գլխավորությամբ Հերհերի ձոր էին եկել նաև Շիրակի մարզի համայնքների ղեկավարներ, ուժային կառույցների ղեկավարներ, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, զինվորականներ, աշակերտներ, ուսանողներ, ցեղասպանությունը վերապրածների հարազատներ։ Միայն Շիրակի մարզի բնակավայրերից 15.000 հայերի են սպանել թուրքերը։ Հավելեմ, որ 1920 թվականին անգութ թուրքերը, ներխուժել են նաև մեր Հայրենյաց /այն ժամանակ Սոնգյուռլի / գյուղ, բռնել քարանձավների միջից տարել են կանանց, ծերերին, երեխաներին։ Ռոզա տատիկիս քեռիները Գևորգ Հովսեփյանը, որը զինվորական էր, Սարիղամիշից էր եկել և Հուսիկը, որը Դորպատի համալսարանի շրջանավարտ էր, տիրապետել է 8 լեզուների, նրանք փորձել են բանակցել թուրքերի հետ, որպեսզի չգերևարեն իրենց գյուղացիներին։ Ցավոք, թուրքերը անդրդվելի են մնացել, մեր Հայրենյաց գյուղից 80 հոգու բռնել են, տարել Ջաջուռի ձորից գլորել, այրել։ Բռնել, տարել են նաև Գևորգին ու Հուսիկին, կապել են ձիուց, քարշ տալով տարել այնտեղ, այրել։ Թուրքերը թալանել են նաև մեր գյուղացիների տները, տարել ոսկիներ, անասուններ։ Ձորից գլորվածները այնքան շատ են եղել, որ դիակների տակ կենդանի մարդ էլ է մնացել մեր գյուղից Խանաևը, նա սուտմեռուկի է տվել, երբ նկատել է դաժան, անողոք թուրքերի հեռանալը, գաղտագողի, սողեսող փախել է, թևը ջարդված վիճակում, հասել է հայրենի Հայրենյաց գյուղ, պատմել բոլորին համագյուղացիների հետ կատարված ողբերգության մասին, լեզուն կապ է ընկել։ Իմ կարծիքով, թուրքերը քաղաքակրթություն չունեն, նրանց չի կարելի վստահել,նրանք վայրագ, նենգ, անողոք են։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ


 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր