211652_close_icon
views-count1327 դիտում article-date 19:04 24-04-2022

107 տարի է անցել Հայոց Ցեղասպանության մեկնարկից. Հունաստանի վարչապետ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ, հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը:

Միցոտակիսն իր ուղերձում նշել է. «107 տարի է անցել Հայոց Ցեղասպանության մեկնարկից, ինչպես նաև 1,5 միլիոն մարդու համակարգված բնաջնջումից: Մենք հարգում ենք զոհերի հիշատակը: Անցյալի սև էջերի հիշատակումն ուղեցույց է ապագայում նմանատիպ հանցագործությունները կանխելու համար: Մեր գլխավոր մտահոգությունն է ապահովել խաղաղ ապագա և փոխադարձ հարգանք բոլորի համար»:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն 20-րդ դարասկզբի առաջին Ցեղասպանությունն են: Հայոց ցեղասպանությունն իրագործվեց երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:

Այս իրադարձություններին միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: 

Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով. այն ճանաչել ու դատապարտել են աշխարհի երեք տասնյակ պետություն:

Նմանատիպ նյութեր