211652_close_icon
views-count3082 դիտում article-date 15:49 20-04-2022

Մայիսի 1-ից հունիսի 1-ը Հայաստանում կանցկացվի ԳԱՌուն IV ֆուդ փառատոնը

Մայիսի 1-ից հունիսի 1-ը Հայաստանում կանցկացվի ԳԱՌուն IV ֆուդ փառատոնը։ Տեղեկացնում են փառատոնի կազմակերպիչները։

Այս տարի փառատոնի աշխարհագրությունն ընդլայնվել է։ Կազմակերպիչները ծրագրել են իսկական ԳԱՌատոն, որի մասնակիցների թվում են Երևանի եվրոպական և հայկական ռեստորանները («Ալյասկա», «Չինար», «Ոստան», «The Club», «Կիլիկիա», «Չայհոնա», «Կովկասի գերուհին»), Դիլիջանից՝ «ImToon», «Թավա», «Կճուճ» ռեստորանները, Ծաղկաձորից՝  «Կովկասի գերուհին»-ը, Արցախից՝ «Tumanyan’s Art Wine House»-ը:

Փառատոնը սկիզբ է առել Margaryan Business Group-ի ռեստորանային ցանցում՝ նպատակ ունենալով վերականգնել հայկական համային ավանդույթները և ստեղծել սննդի նոր սեզոն, որը դուր է գալիս թե զբոսաշրջիկներին, թե տեղացիներին:

Կազմակերպիչները նշում են՝ գառան միսը աշխարհի առաջատար դիետոլոգների կողմից հավանության արժանացած մսի բացառիկ տեսակ է։ Այս կենդանին ուտում է միայն հանքանյութերով հարուստ լեռնային խոտ և չի գոյատևում, եթե որևէ քիմիական նյութ խառնվի կերին։

Մայիսին գառան օպտիմալ քաշը հասնում է 10-15 կգ-ի, և այդ շրջանում միսը համարվում է ամենահամեղը։

Փառատոնի մասնակից ռեստորանները կներկայացնեն գառան մսով 3-ական յուրահատուկ ուտեստ։ Խոհարարների երևակայությունն ու գաստրոնոմիական շրջանակը չեն սահմանափակվել։

Մի ամբողջ ամիս դուք բացառիկ հնարավորություն կունենաք ծանոթանալու մատղաշ գառան մսով կերակրատեսակների պատրաստման տարբեր ոճերին։

Փառատոնի գործընկերն է լինելու հայկական գինու Meyron ապրանքանիշը. յուրաքանչյուր ճաշատեսակի հետ կմատուցվի մեկ բաժակ Արենի տեսակի գինի Ռինդ գյուղից (Վայոց ձոր):

«Բաց մի թողեք հիանալի հնարավորությունը և ծանոթացեք գառան մսով պատրաստելու հայկական ավանդույթին»,- հորդորում են կազմակերպիչները։

Նմանատիպ նյութեր