211652_close_icon
views-count1487 դիտում article-date 17:28 18-04-2022

Շնորհալիներով համալրվում է նաև երկրի կանանց հավաքականը

Հայաստանում աստիճանաբար ընդլայնվում է  կանանց բռնցքամարտի աշխարհագրությունը: Մեզանում  կաշվե ձեռնոց է  հագնում գրեթե  40 մարզուհի: Նրանք ներկայացնում են Երևան, Գյումրի, Սևան, Մարտունի,  Էջմիածին, Արմավիր քաղաքները  և այլուր:

Շնորհալիներով համալրվում է նաև երկրի կանանց հավաքականը: Գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը  ապրիլի 2 – 15 –ը  ուսումնամարզական հավաք անցկացրեց Ծաղկաձորում: 

-Նրանք սիրում են ընտրած մարզաձևը, պարտաճանաչ են, անտրտունջ տանում են մարզումների ծանրաբեռնվածությունը, -  զրույցի ժամանակ ասաց  մարզիչը: - Հաճելիորեն զարմացա, որ իմ նազելիները , կարելի է ասել`  մեկ շնչով հաղթահարեցին  Թեղենիսի  գագաթը:  Վերադառնալով Ծաղկաձորից, պարապմունքերը շարունակում ենք մայրաքաղաքի  Օլիմպավանում, իսկ մայիսի 6 –ին թիմը կմեկնի  Ստամբուլ, որպեսզի մասնակցի աշխարհի առաջնությանը:  

Մեր երկիրը կունենա չորս պատվիրակ: Անուշ Գրիգորյանը / 50 կգ /, Եկատերինա Սիչևան / 54 կգ / և Անի Հովսեփյանը / 70 կգ /փորձառուներ են , մասնակցել են Եվրոպայի, աշխարհի առաջնությունների, մ իջազգային մրցաշարերի, դրանցում մեդալներ են նվաճել:  Թերևս  միայն  Գայանե Տեր – Բարսեղյանն է  առաջին քայլը կատարելու  նման խոշոր մրցաշարում:  48 կգ քաշային կարգը ներկայացնող այդ մարզուհին  օժտված է կամային բարձր որակներով, մարտունակ է, համարձակ, գրոհել սիրող  աղջիկ է  և այս ամենը  հույս է ներշնչում, որ նա  նույնպես ջանք  չի խնայի  հաղթանակ տոնելու համար: Նշածս քառյակի  ընդհանուր պատրաստականությունը գոհացնում է, թեև ամեն բան ցույց կտա ռինգը:

Հավելեմ, որ թիմի հետ կլինեն նաև  մարզիչ,  էջմիածինցի Հակոբ Մելքոնյանը  և բժշկուհի Ռոզա  Հովհաննիսյանը :

Նմանատիպ նյութեր