211652_close_icon
views-count2168 դիտում article-date 13:47 13-04-2022

ԱԺ նախագահի դեմ մահափորձը մինչև օրս բացահայտված չէ. բանտերի որոշ դատարկ տեղեր պիտի գտնեն իրենց տերերին. Փաշինյան

100 տեղի հաշվով բանտային բնակչության խտությամբ Հայաստանը դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին՝ 36.8 անձ, այսինքն՝ մեր երկրում 100 բանտային տեղից զբաղված է 36.8-ը: Այս մասին, այսօր ԱԺ-ում կառավարության 2021 թվականի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հատկանշական է, որ բանտային բնակչության խտության ցուցանիշով, 2021 թվականի արդյունքներով, Հայաստանը զիջում է միայն Մոնակոյին և զգալի ավելի լավ ցուցանիշներ ունի մնացած եվրոպական երկրների համեմատությամբ: Այս ընթացքում Հայաստանում փակվել է երկու քրեակատարողական հիմնարկ: Չեմ կարող չընդգծել այս ցուցանիշի քաղաքական իմաստը և սա իրոք ժողովրդավարական երկրին հատուկ ու ժողովրդավարական երկրին վայել ցուցանիշ է», - ասաց նա:

Փաշինյանը նշեց, թե ժամանակ առ ժամանակ իրենց կառավարությանը մեղադրում են իբր քաղաքական հակառակորդներին հալածելու, քաղաքական հետապնդումներ իրականացնելու, բռնապետություն հաստատելու փորձերի մեջ:

«Պատմականորեն ապացուցված փաստ է. նման երկրներում, որտեղ հետապնդումներ կան, բանտեր բացվում են և ոչ թե փակվում: Նման երկրներում բանտերը լեփ-լեցուն են և ոչ թե կիսադատարկ: Սա, իհարկե, չի նշանակում, թե այսօրվա Հայաստանում բոլոր նրանք, ովքեր օրենքի տառին համապատասխան պետք է բանտում լինեին, բանտում են:

Սա նշանակում է, որ բոլոր նրանք, ովքեր պիտի ազատության մեջ լինեին, ազատության մեջ են ու սա է Հայաստանի մասին մեր ունեցած պատկերացումը: Բայց, մյուս կողմից, իհարկե, պետք է հաշվի առնենք, որ բազմաթիվ հանցագործություններ, ներառյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հարձակումների մի քանի առանցքային դրվագներ, ներառյալ ԱԺ նախագահի դեմ տեղի ունեցած մահափորձը, մինչև օրս բացահայտված չեն, և մեր իրավապահները պիտի ամեն ինչ անեն, որ բանտերի որոշ դատարկ տեղեր գտնեն իրենց օրինական տերերին», - ընգծեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր