211652_close_icon
views-count159424 դիտում article-date 21:53 11-04-2022

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. մետաղե ջարդոնի վերածված Opel-ը մխրճվել է ЗИЛ 131-ի մեջ. 4 վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:15-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Ծովակ գյուղի վարչական տարածքում Opel մակնիշի ավտոմեքենան  բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, անվտանգության կանոնները պահպանած ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ЗИЛ 131 մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ЗИЛ-ն էլ առաջ է ընթացել և բախվել Volkswagen մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից երկուսին Opel-ի միջից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակերի նախարարության փրկարար ծառայության Վարդենիսի թիվ  34 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

ժամանել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:

Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին, որոնցից մեկը ծայրահեղ ծանր է, 3-ը՝ ծանր կայուն, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է  վթարի փաստով զբաղվեն ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողները:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Սևակ Սահակյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր