211652_close_icon
views-count4075 դիտում article-date 09:53 20-06-2026

Արմավիրի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված՝ «Միսս Եվրոպա 2022»-ին Հայաստանը ներկայացրած մոդել Վերա Սաֆարյանը գիտակցության չգալով մահացել է. 4 վիրավորներից 2-ը նրա ազգականներն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հունիսի 10-ին Արմավիրի մարզի Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհի Հացիկ գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ավտովթարի վարորդների, վիրավորների և մահացածի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ «Dodge»-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ 46-ամյա Կարապետ Վարդանյանը, «Mercedes»-ը վարել է Երևանի բնակիչ 28-ամյա Արթուր Գրիգորյանը, իսկ մյուս «Mercedes»-ը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Անդրանիկ Սիմոնյանը։

Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել վարորդներից Ա․ Սիմոնյանը, նրա ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 59-ամյա Աննա Սիմոնյանը, վարորդներից Ա․ Գրիգորյանի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 11-ամյա Ալեքսանդր Գ.-ն, 31-ամյա Վերա Սաֆարյանը, Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Լիլյա Սաֆարյանը։ Այնուհետև «Արմավիր» բժշկական կենտրոնից Վ․ Սաֆարյանը ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ օրեր անց գիտակցության չգալով մահացել է։

Վերա Սաֆարյանը «Միսիս Եվրոպա 2022» մրցույթում ներկայացրել էր Հայաստանը։ Նա Արցախի Հադրութ բնակավայրից էր։ Մոդելը երկրորդ տեղն էր զբաղեցրել «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության հեղինակավոր մրցույթում։ Իսկ ավտովթարի հետևանքով վիրավորներից 2-ը նրա ազգականներն են։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 10-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհի Հացիկ գյուղի վարչական տարածքում բախվել էին «Dodge» և 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։

Բախման հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել։

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին պարեկները։

Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Վիրավորներից 2-ը գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում, 1-ը՝ միջին ծանրության, 2-ն էլ՝ ծանր, կայուն վիճակում։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվվել էին ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Բախման հետևանքով «Dodge»-ը  և «Mercedes»-ներից մեկը դուրս էին եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր