211652_close_icon
views-count67479 դիտում article-date 18:38 10-04-2022

Արտակարգ դեպք Երևանում. 2 քաղաքացի Սարյան փողոցից դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ապրիլի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 13:55-ի սահմաններում, թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի և գոտկային շրջանի ծակած-պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ:
 
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:
 
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ, 49-ամյա Էդուարդ Մ.-ն է:
 
Կարճ ժամանակ անց նույն հիվանդանոցից ահազանգ է ստացվում դարձյալ ոստիկանության Կենտրոնական բաժին, որ «աջ գոտկային շրջանի ծակած-պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
 
Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ երկրորդ վիրավորը Երևանի բնակիչ, 39-ամյա Գևորգ Ա.-ն է:
 
Մինչ բժիշկները վիրավորներին անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նշված անձինք դանակահարվել են Սարյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում և նրաց հետ վիճաբանելու ու դանակահարելու կասկածանքով Կենտրոնի ոստիկանները տաք հետքերով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ, 22-ամյա Նարեկ Հ.-ին և Երևանի բնակիչ, 26-ամյա Ռուբեն Մ.-ին:
 
Վերջինս հայտնաբերվել է ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների կողմից՝ Դավիթաշեն վարչական տարածքում:
 
Նարեկ Հ.-ն և Ռուբեն Մ.-ն կատարվածի մասին բացատրություն տալուց հետո ազատ են արձակվել:
 
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
 
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր