211652_close_icon
views-count1086 դիտում article-date 09:27 08-04-2022

ՄԱԿ-ը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը

ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը երեկ լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ՀՀ ու Ադրբեջանի առաջնորդների վերջին հանդիպմանն ու երկրների միջև հակամարտության կարգավորմանը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք ողջունում ենք Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո, որը տեղի ունեցավ երեկ Բրյուսելում։ Մեզ ոգևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով շարունակական անմիջական երկխոսությունը։ Մենք ի գիտություն ենք ընդունում կողմերի՝ հետագա բանակցություններում ներգրավվելու և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու հայտարարված հանձնառությունը։

Մենք երախտագիտությամբ նշում ենք Եվրամիության դերը շարունակական շփումները դյուրացնելու գործում և կոչ ենք անում կողմերին լուծել բոլոր չկարգավորված խնդիրները երկխոսության միջոցով և առկա ձևաչափերի շրջանակներում։ Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է աջակցել բոլոր նման ջանքերին, այդ թվում՝ տեղում մարդասիրական, վերականգնման և խաղաղության հաստատման աջակցության տրամադրման միջոցով»,- ասել է Ստեֆան Դյուժարիկը:

Նմանատիպ նյութեր