211652_close_icon
views-count3436 դիտում article-date 10:49 05-04-2022

Ադրբեջանը ներգրավված է Ուկրաինայի շուրջ հակամարտության շրջանակներում՝ ընդդեմ Ռուսաստանի․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Ուշագրավ է, որ Արցախում օրեր շարունակ հումանիտար ճգնաժամ ստեղծած ու մարդկանց առանց նվազագույն պայմանների թողած Ադրբեջանը հանկարծ սկսել է հումանիստական մոտեցում դրսևորել Ուկրաինայի նկատմամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունների համաձայն, մեծ քանակությամբ հումանիտար օգնություն են ուղարկել Ուկրաինային։ Բայց մի շարք հարցեր են ծագում կապված նրա հետ, թե արդյո՞ք հումանիտար օգնության անվան տակ նաև ռազմական օգնություն չի տրամադրվում Կիևի ռեժիմին։ Առավել ևս, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտարարեց, թե Ուկրաինային անվճար վառելիք կտրամադրի։ Եվ ոչ մի երաշխիք չկա, որ այդ վառելիքը Ուկրաինան ռազմական նպատակներով չի օգտագործի։

Բացի դրանից, ադրբեջանական ՄԻԳ-29 ռազմական ինքնաթիռները ոչ պատահականորեն Լվովի ինքնաթիռների վերանորոգման գործարանում էին, ու ոչ ոք չի կարող բացառել, որ դրանք ուկրաինական կողմը չի կարող օգտագործել։ Մեծ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ այս տարվա հունվարին Ալիևը այց կատարեց Ուկրաինա, որի առաքելություններից մեկն Ադրբեջանի պարենային անվտանգության հարցը լուծելու նպատակով այդ երկրում գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության խնդիրն էր, ինչը տեղ գտավ նաև Ալիևի ու Զելենսկու ստորագրած վեցկետանոց հռչակագրում։ Արդյո՞ք Ալիևը չէր հաշվարկել, որ իրենց կողմից վարձակալվող հողերից, ամենայն հավանականությամբ, որևէ օգուտ չեն կարող ստանալ, քանի որ ռուս-ուկրաինական հարաբերությունների սրման ֆոնին լրատվամիջոցներն արդեն ահազանգում էին մոտալուտ ռազմական բախման մասին։ Հազիվ թե: Հաշվի առնելով անկայունության հանգամանքը՝ տվյալ պահին Ուկրաինան ներդրողների համար կարող էր լինել ամենավերջին երկիրը, որտեղ կարելի էր գումար ներդնել հողերի վարձակալության տեսքով։

Ստացվում է, որ խնդիրն այլ է, և Ալիևն ուղղակի այդ քայլով Ուկրաինայի համար բացում է ֆինանսական աջակցության դուռը։ Մյուս կողմից էլ՝ զարմանալ պետք չէ, որ այս օրերին ուկրաինական լրատվամիջոցներում ու տելեգրամյան ալիքներում տեսանյութեր են տարածվում, որոնցում ցուցադրում են վարձկանների, որոնք իրենց անվանում են Ադրբեջանի քաղաքացիներ և հայտարարում, որ պատրաստ են կռվել ՌԴ-ի դեմ։ Ահաբեկիչ վարձկանների արտահանման հարցում թուրք-ադրբեջանական տանդեմն արդեն մասնագիտացել է, Արցախյան պատերազմը դա ցույց տվեց։ Միայն այսքանը բավարար է պնդելու, որ Ադրբեջանը ներգրավված է Ուկրաինայի շուրջ հակամարտության շրջանակներում՝ ընդդեմ Ռուսաստանի։ Սակայն Հայաստանը տեղեկատվական դաշտում քայլեր չի ձեռնարկում ադրբեջանական կողմի նենգ նպատակներն առավել ակնառու ի ցույց դնելու համար։

Դրա փոխարեն, ադրբեջանական լրատվամիջոցներն են զբաղված Հայաստանի մասին կեղծ տեղեկատվության տարածմամբ, իսկ մենք միայն պաշտպանվողի դերում ենք։ Ադրբեջանը ամեն կերպ փորձում է ցույց տալ, թե Հայաստանը ներգրավված է ուկրաինական հակամարտության մեջ։ Եվ պատահական չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցներից սկսվեց ապատեղեկատվություն տարածվել, թե իբր հայկական կողմը իր ունեցած ՍՈւ 30-ները տրամադրել է Ռուսաստանին, Հայաստանի տարածքով Սիրիայից վարձկաններ են տեղափոխվում Ռուսաստան Ուկրաինայի դեմ կռվելու նպատակով և այլն, որոնք թեպետ անհեթեթության աստիճան սուտ են, բայց դրանք հերքելու համար բավական ջանքեր են պահանջվում։

Ժամանակն է, որ ՀՀ-ն ևս անցնի տեղեկատվական ճիշտ ու համակարգված աշխատանքի, հատկապես, որ դրա համար ունի համապատասխան փաստական հիմքեր։ Ժամանակին այդ հարցում ևս Հայաստանը «կրող» էր, հասկացող մարդիկ կան, ամոթ չէ, կարելի է հարցնել...»

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր