211652_close_icon
views-count1640 դիտում article-date 23:57 27-03-2022

Մշակվելու է «Կումայրի»-ի պատմական միջավայրի վերականգնման նախագիծ

Իրականացվելու են «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի պատմական միջավայրի վերականգնմանն ուղղված նախագծի մշակման աշխատանքներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, աշխատանքները նախաձեռնել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն: Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ:

Ծրագրի ավարտին նախատեսվում է ունենալ պատմական հուշարձան-շինությունների պահպանման հստակ ծրագիր, հիմնել ««Կումայրի» արգելոց-թանգարան» բաց բաժնետիրական ընկերություն, որին նաև վերապահված կլինի պատմական կառույցների պահպանման ու վերականգնման վերահսկողությունը:

«Կումայրի» արգելոց-թանգարանը ստեղծվել է ՀԽՍՀ կառավարության 1980 թ. որոշմամբ, Գյումրու պատմաճարտարապետական ինքնատիպ ժառանգության  պահպանման նպատակով: «Մենք այդ տարիներին  որոշեցինք դիմել աննախադեպ քայլի. քաղաքի կառուցապատման պահպանվող հատվածին տալ արգելոց-թանգարանի կարգավիճակ: Ստեղծեցինք հանձնաժողով, մեկ-մեկ հասցեագրեցինք պատմամշակութային արժեք հանդիսացող շենքերն ու շինությունները, ուրվագծեցինք տարածքի այն սահմանները, որից ներս նոր կառուցումներ չպիտի լինեին, նախապատրաստեցինք նաև մեծածավալ ներկայացուցչական ցուցադրանյութ և, ամենակարևորը, կազմեցինք կառավարության որոշման նախագծերի ծավալուն փաթեթ և ներկայացրինք ՀՀ կառավարությանը, որը 1980 թ. հաստատեց «Կումայրի» արգելոց-թանգարանի կազմավորումը: Երկրաշարժը և դրան հաջորդած տարիները իրենց ավերիչ հետքերը թողեցին այդ շենքերի վրա:  2017-ին մշակվեց և կյանքի կոչվեց «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը, սկսվեցին որոշ շենքերի վերանորոգման աշխատանքները»,-նշում է ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը՝ տեղեկացնելով, որ նոր ձևավորվող ««Կումայրի» արգելոց-թանգարան» բաց բաժնետիրական ընկերությունը կունենա էլ ավելի մեծ հնարավորություն, քան նախկինում էր:

Աշխատանքների մեջ ներգրավված կլինեն ինչպես հայ, այնպես էլ իտալացի մասնագետները: Ըստ ծրագրի՝ կիրականացվի հուշարձանների և պատմական միջավայրի վերաարժեվորման և հարմարվողական վերաօգտագործման ուղղությամբ մեթոդաբանության մշակման, պատմական շինությունների  հաշվառման, ապա անձնագրավորման գործընթացը:   

Նմանատիպ նյութեր