211652_close_icon
views-count1599 դիտում article-date 18:27 24-03-2022

Հումանիտար աղետ է Արցախում. միջազգային կառույցները պետք է ձեռնարկեն հստակ քայլեր. արցախցի կանանց հավաքը՝ Ստեփանակերտում

Արցախցի կանայք խաղաղ հավաք էին կազմակերպել Ստեփանակերտում՝ իրենց ձայնը միջազգային կառույցներին լսելի դարձնելու համար, կրկին ուշադրություն հրավիրելու Արցախում Ադրբեջանի միջամտությամբ գազամատակարարման դադարեցման, դրա արդյունքում ստեղծված հումանիտար աղետի վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ստեփանակերտում հավաքված կանանցից մեկը հայտարարեց. « Բոլոր միջազգային կառույցները, մարդասիրական սկզբունքներից ելնելով, մեր այս իրականության հետ ոչ թե պետք է համակերպվեն, հորդորեն, կոչ անեն, այլ ձեռնարկեն հստակ քայլեր»:  

Նրանք շեշտեցին՝ այս պահին հումանիտար աղետ է տիրում Արցախում, և աշխարհը, բոլորը տեղյակ են, թե ով է դրա մեղավորը:

Կանայք ընդգծեցին՝ Ադրբեջանն օգտվելու է առիթից, և հնարավոր է, որ էլ ավելի վատ վիճակում հայտնվեն: Արցախցի կանայք հիշեցրին, որ արցախցին աշխարհում ապրող որևէ այլ քաղաքացու հետ հավասար ունի նույն իրավունքները, սակայն այս պահի դրությամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայտնվել են անելանելի վիճակում: «Եվ ամենացավալին այն է, որ չկա որևիցե կառույց, որը կարող է ստիպել ագրեսորին՝ վերջ տալ իր վայրագություններին»,-ընդգծեց կանանցից մեկը:

Նրանք շեշտեցին՝ արցախցին տեր է իր հողին, իր իրավունքներին: «Պահանջում ենք, որպեսզի միջազգային բոլոր կառույցներն անհապաղ զբաղվեն Արցախի բնակիչների անվտանգության հարցով, քանի որ սա ոչ միայն կենցաղային խնդիր է, այլ հենց անվտանգության հարց է: Որևիցե արցախցի չի ցանկանում թողնել իր հողը, տունը և լքել Արցախը: Թող Ադրբեջանը դա հասկանա՝ արցախցին ապրել է և ապրելու է Արցախում»-նշեց հավաքի մասնակից կանանցից մեկը՝ ընդգծելով, որ պայքարելու են մինչև վերջ, հակառակորդը չի կարող Արցախը հայաթափել:

Նմանատիպ նյութեր