ԵԱՀԿ երկրները պետք է քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի սադրիչ քաղաքականության դեմ. Էդվարդ Նալբանդյան
«Ադրբեջանը դեմ էր դուրս գալիս հետաքննության մեխանիզմների ստեղծմանը հենց այն պատճառով, որպեսզի հնարավորություն չտա եռանախագահներին մատնանշելու, թե ով է խախտում հրադադարը և ով է առաջինը կրակ բացում»,- Երևանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Արտգործնախարարի խոսքով՝ Ադրբեջանը բազմիցս հարցականի է տակ դրել եռակողմ զինադադարի մասին համաձայնագրերը: «Բայց եռանախագահող կողմերը վերջին հայտարարությամբ վերահաստատեցին, որ եռակողմ զինադադարի մասին համաձայնագրերը անժամկետ են ու պետք է անհապաղ իրականացվեն Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից», - նշեց նա, հավելելով, որ Ադրբեջանը, սակայն, շարունակում է անտեսել այդ ամենը։
«Եվ սա բերում է նրան, որ հասունանում է արդեն մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները պետք է ոչ միայն հայտարարություններով հանդես գան, այլ քայլեր ձեռնարկեն, որ սանձեն Ադրբեջանի ապակառուցողական ու սադրիչ քաղաքականությունը»,- ասաց Նալբանդյանը։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն ափսոսանք հայտնեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման կապակցությամբ, սակայն վստահեցրեց, որ համագործակցությունը շարունակվելու է:
«Վստահեցնում եմ, որ ԵԱՀԿ գրասենյակի փակմամբ միայն մեկ էջ է փակվում, և բացվում են միասին աշխատելու նոր ճանապարհներ: Օրակարգում տարբեր թեմաներ կան, որ կարևոր են»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Երևանում ԵԱՀԿ գրասենյակը կփակվի առաջիկա ամիսներին: