211652_close_icon
views-count3414 դիտում article-date 10:15 24-03-2022

«Դրական ազդակներ»՝ գազային շանտաժի տեսքով․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Օրերս Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիեւի եւ ՌԴ ցամաքային ուժերի հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Կիմի հանդիպումը (լուսանկարում)՝ ռուսաստանցի պաշտոնյան պատասխանատու է իր երկրի խաղաղապահ գործունեության համար: Այդ հանդիպումը առիթ դարձավ Բաքվի պաշտոնական տեսակետն արտահայտող լրատվամիջոցներից մեկի հրապարակման, որն, ի դեպ, լույս է սփռում նաեւ գեներալների կողմից քննարկվող հիմնական հարցերից մեկի վրա:

Այդ հրապարակումից, կարծում եմ, պարզ է դառնում, որ գլխավոր թեմաներից մեկը Արցախում գազի մատակարարման խնդիրն էր: Եվ ահա քարոզչամիջոցը հնչեցնում է Բաքվի մոտեցումն այդ հարցին: Քանի Ղարաբաղում կան «անօրինական զինված կազմավորումներ», քանի հայկական կողմից հնչում են «վրեժի կոչեր» եւ հավաստիացումներ, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, ոչ մի գազ էլ չի լինի (չակերտներում նշված բառերը մեջբերումներ են): Իսկ վերջում ուղիղ սպառնալիք է հնչում հարցը լուծել, ավելի ճիշտ կլինի ասել՝ շարունակել լուծել ռազմական ճանապարհով:

Այս տեքստից կարելի է մի պարզ եզրակացություն անել. արցախցիներին առանց գազի թողնելը ինչ-որ «վթարի» կամ «տեխնիկական խափանումների» խնդիր չէ՝ դա քաղաքական ճնշում, շանտաժ իրականացնելու գործիք է: Ադրբեջանն, ըստ ամենայնի, այդքան կարծր եւ անզիջում դիրքորոշում չէր դրսեւորի, եթե Ռուսաստանի վիճակն ավելի բարվոք լիներ, որովհետեւ գազի հետ կապված քայլերն ուղղված են ոչ միայն հայերի, այլեւ, վերջին հաշվով, ռուս խաղաղապահների եւ նրանց առաքելության դեմ: Բայց մեր բարեկամ պետության վիճակը, մեղմ ասած, նախանձելի չէ, որովհետեւ ՌԴ նախագահը երկիրը ներքաշել է անհեռանկարային եւ բոլոր առումներով հյուծող պատերազմի մեջ: Այնպես որ Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքերը տարածաշրջանում ուժեղանալու են, իսկ Ռուսաստանինը՝ թուլանալու:

Եթե չփորձենք ցանկալին իրականի տեղ դնել, ապա պիտի արձանագրենք, որ ա/ Ադրբեջանից դրական ազդակներ չեն գալիս եւ բ/ խաղաղության դարաշրջանը դեռեւս չի սկսվել: Իմ տպավորությամբ, մեր արտաքին քաղաքականության պատասխանատուներն այնքան են կրկնել հակառակը քարոզող, բայց, ցավոք, իրականությանը չհամապատասխանող թեզերը, որ իրենք իրենց համոզեցին, թե վաղը կամ մյուս օրը խաղաղության պայմանագիր է կնքվելու, իսկ զուգահեռաբար՝ Արցախը ստանալու է անվտանգության երաշխիքներ կարգավիճակի տեսքով: Իհարկե, հենց դրան, կարծում եմ, պետք է ձգտել, բայց առայժմ նման հեռանկար չի երեւում:

Իշխանությունը, փոխանակ բոլոր տեսակի քննադատություններին պատասխանի պատմական էքսկուրսներով՝ թե ինչ են արել ՀՀԿ-ականները 10 տարի առաջ կամ դաշնակցականները՝ 100 տարի առաջ, պետք է հստակ ձեւակերպի մեր պետության նպատակներն այս հարցում եւ այդ նպատակներին հասնելու գործիքները: Մասնավորապես, իրենց կողմից հիշատակվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն, ինձ թվում է, այլեւս չաշխատող գործիք է:

․․․ Ծանոթանալով Բաքվի պաշտոնական հռետորաբանությանը, թույլ տվեք ասել, որ Հրանտ Բագրատյանի կանխատեսումներն այնքան էլ ֆանտաստիկ չեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր